Պե՞տք է ոտքի կանգնել դատարանում, եթե հաղորդակցվում եք դատավարության մասնակցի հետ

Այն հարցի շուրջ, թե արդյո՞ք դատավարության ընթացքում դատավարության մասնակիցը մեկ այլ մասնակցի հարց ուղղելիս կամ հարցին պատասխանելիս պետք է ոտքի կանգնի, դատավարական օրենսգրքերում մոտեցումները տարբեր են:

ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը դատավարության մասնակիցների համար դատարանում հոտնկայս հանդես գալու պարտականություն նախատեսում է միայն դատարանին դիմելիս, իրենց ցուցմունքներն ու բացատրությունները տալիս, բացառությամբ նախագահողի թույլատրած դեպքերի: Դատավարության մասնակիցները պետք է ոտքի կանգնեն նաև դատական նիստերի դահլիճ դատավորի մտնելու պահին և դատարանի վճիռը լսելիս: Ոտքի կանգնելու պարտականության այլ դեպքեր ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում: Հետևաբար քաղաքացիական դատավարության մասնակիցները այլ մասնակիցների դիմելիս, հարց ուղղելիս կամ հարցին պատասխանելիս պարտավոր չեն ոտքի կանգնել:

Գրեթե նույն կարգն է սահմանված ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում: Քրեական դատավարությունում դատական նիստի դահլիճում բոլոր ներկա գտնվողները ոտքի են կանգնում: Դատական քննության բոլոր մասնակիցները ոտքի կանգնած անում են անհրաժեշտ հայտարարություններ, հարուցում են միջնորդություններ, բացարկներ:

Ի տարբերություն դրա՝ ՀՀ Վարչական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ դատական նիստում դատարանի և մյուս կողմի հետ հաղորդակցվում են հոտնկայս, բացառությամբ նախագահողի թույլատրած դեպքերի: Վարչական դատավարության մասնակիցները և այլ անձինք ոտքի են կանգնում նաև դատական նիստերի դահլիճ դատավորի մտնելու պահին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել