Իրավաբանական անձինք «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և (կամ) դրանց թարգմանություններն իրենց ֆիրմային անվանումների տարբերակող նշանակության անուններում կարող են օգտագործել միայն ՀՀ Մտավոր սեփականության գործակալության թույլտվությամբ: Վերջինս տրվում է ֆիրմային անվանման գրանցման հայտի կամ այդպիսի թույլտվություն ստանալու մասին դիմումի հիման վրա:
Թույլտվություն ստանալուց հետո ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ համապատասխան բառերը և (կամ) դրանց թարգմանությունները յուրաքանչյուր հաջորդ տարվա ընթացքում կարող են օգտագործվել միայն այդ տարվա համար նախատեսված պետական տուրքը նախօրոք վճարելու դեպքում:
«Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը ֆիրմային անվանումներում կարող են օգտագործվել առանց թույլտվության, եթե դա պայմանավորված է տվյալ իրավաբանական անձի ֆիրմային անվանման մեջ նրա հիմնադրի անվանման օգտագործման անհրաժեշտությամբ, կամ եթե նշված բառերը ներառված չեն ֆիրմային անվանումների տարբերակող նշանակության անուններում:
Իրավաբանական անձանց համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ օգտագործելու համար տարեկան պետական տուրքի վճարման պարտավորությունն առաջանում է միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով թույլտվություն ստանալու դեպքում: