Դատարանը բավարարեց մեր կողմից ներկայացված բողոքը ձերբակալման իրավաչափության դեմ, ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, միաժամանակ մերժեց նաև քննիչի միջնորդությունը, ընդորում՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբոր՝ Արթուր Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել դատավոր Արմեն Պողոսյանին օբյեկտիվ և շատ դժվար որոշում կայացնելու համար: Շնորհակալ եմ նաև մեր պատգամավորներին ու ժողովրդին՝ մեզ աջակցելու համար»,- ասաց պաշտպանը:
Դատարանի դահլիճից ազատ արձակված Արթուր Գալեյանը հայտարարեց, որ շարունակելու են պայքարել հանուն զոհված զինվորների:
«Մեր կողմը ճիշտ է, արդարը մենք ենք: Եկեք մեր սուրբ երկիրն ու ազգին միասին փրկենք: Սև ու սպիտակի հասկացությանը վերջ տվեք: Մենք բոլորս սպիտակ մարդիկ ենք ու եթե մենք մեզ չգնահատենք այլ ազգերը չեն գնահատի»,- ասաց Գալեյանը:
Ավելի վաղ քննչական կոմիտեից հայտնել էին.
«Քրեական վարույթի շրջանակներում սույն թվականի մայիսի 18-ին վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ Արթուր Գալեյանին ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով ձերբակալվել է և միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար»: