ՀՀ-ում պետք է սահմանվի կոռուպցիայի դեմ անհանդուրժողականության և անընդունելիության կայուն հասարակական վերաբերմունք՝ ըստ հակակոռուպցիոն ռազմավարության

Հակակոռուպցիոն 2019-2022 թվականների ռազմավարության իրականացման հիմնական երաշխիքներից մեկն է լինելու նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից դրսևորած քաղաքական աննախադեպ կամքն ու վճռականությունը:

Այս մասին նշված է հենց ռազմավարության մեջ։

Նշվում է, որ վերջինիս դրսևորմամբ անհրաժեշտ է ձեռնամուխ լինել կոռուպցիան ծնող ու դրա տարածումը խթանող պատճառների ու պայմանների վերացմանը, որն էլ իր հերթին կհանգեցնի կոռուպցիայի աստիճանական հաղթահարմանը: Իհարկե, քաղաքական կամքի առկայությունը կենսականորեն անհրաժեշտ, բայց միակ բավարար գործոնը և պայմանը չէ հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետ իրագործման համար: Այս առումով ակնհայտորեն պետք է մեկտեղվեն Կառավարություն-քաղաքացիական հասարակություն-քաղաքացի համատեղ ջանքերը՝ ուղղված միասնական նպատակի կենսագործմանը:

Նույնչափ կարևոր է նաև հանրային լայն աջակցության և իրավական մշակույթի շարունակական ձևավորման ուղղությամբ ակտիվ քայլերի ու ինստիտուցիոնալ գործիքների ներդրումը, որի համակարգում էական դերակատարում կարող է ունենալ հակակոռուպցիոն կրթությունը: Այս ամենի արդյունքում որպես հակակոռուպցիոն ռազմավարության նպատակ` անհրաժեշտաբար պետք է սահմանել նաև ՀՀ-ում կոռուպցիայի դեմ անհանդուրժողականության և անընդունելիության կայուն հասարակական վերաբերմունքի ձևավորումը՝ որպես կոռուպցիան արմատախիլ անելու ինստիտուցիոնալ գործիք:

Ներառական ռազմավարություն ունենալու անհրաժեշտությունից ելնելով՝ Ռազմավարությունը հատուկ կարևորում է հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման գործընթացին քաղաքացիական հասարակության և քաղաքացիների ակտիվ ներգրավվածությունը և հանրային վերահսկողության անհրաժեշտությունը:

Ռազմավարության և դրանից բխող միջոցառումների ծրագրի ֆինանսական կայունությունը երաշխավորվում է Ռազմավարության նպատակներից բխող միջոցառումների  ծրագրի իրականացման համար  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական միջոցների տրամադրման միջոցով:

Հակակոռուպցիոն գործընթացում համագործակցության ամրապնդման տեսանկյունից կարևորվում է նաև գործընկերների, այդ թվում՝ միջազգային, տարածաշրջանային և հասարակական  կազմակերպությունների կողմից տրամադրվող աջակցությունը: Ռազմավարության կատարումն ապահովող ֆինանսավորումն ակնկալվում է այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող ֆինանսավորումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել