Ապրանքային նշանը նիշ է, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայություններն այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար.
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է՝
1) օրենքով սահմանված կարգով դրա պետական գրանցման հիման վրա.
2) օրենքով սահմանված կարգով ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու հիման վրա.
3) Մադրիդյան համաձայնագրի կամ Մադրիդյան համաձայնագրի արձանագրության համաձայն` միջազգային գրանցման հիման վրա:
«Ապրանքային նշանի իրավական պահպանությունը տարածվում է այն ապրանքների և (կամ) ծառայությունների վրա, որոնց համար գրանցվել է ապրանքային նշանը։ Ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար գրանցվել է ապրանքային նշանը, կարող է ընդարձակվել միայն օրենքով սահմանված կարգով նոր հայտ ներկայացնելու միջոցով»,-Իրավաբան.net-ին փոխանցում է փաստաբան Արփինե Եղիկյանը։
Ապրանքային նշանի գրանցման, հանրահայտ ճանաչման և այլ հարցերը կարգավորվում է « Ապրանքային նշանի մասին» ՀՀ օրենքով: