2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված է ՀՀ Գլխավոր դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ստեղծում։
Ռազմավարության մեջ նշվում է․
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության դատախազական հսկողությունը իրականացնելու է ՀՀ Գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանումը: Ռազմավարությունը և, մասնավորապես, միջնաժամկետ ծրագրերում հատուկ անդրադարձ են կատարում այս հարցին՝ սահմանելով հատուկ գործառույթներ, որոնց նպատակը, մի կողմից, կլինի կոռուպցիոն գործերով մասնագիտացող հատուկ ստորաբաժանման ստեղծումը և, մյուս կողմից, համապատասխան վարչական միավորների աշխատակիցների շարունակական վերապատրաստումը։ Այս համատեքստում, ավելորդ չէր լինի ևս մեկ անգամ ընդգծել Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքի նկատմամբ անաչառ և ապաքաղաքական հսկողության կարևորությունը»։
Նշենք, որ այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազի 2021թ. նոյեմբերի 16-ի հրամանով ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն և դադարեցվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության գործունեությունը:
ՀՀ գլխավոր դատախազի նոյեմբերի 22-ի հրամաններով նշանակվել են վարչության 8 դատախազներ, նշանակվել է վարչության պետը։
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ մինչ այդ վարչության դատախազների պաշտոնների բոլոր թեկնածուները օրենքով սահմանված կարգով անցել են բարեվարքության ուսումնասիրություն: Դրանց արդյունքում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունները հաշվի են առնվել ՀՀ գլխավոր դատախազի կողմից նշանակումները կատարելիս: