Խոշոր չափերի ադամանդ Հայաստան տեղափոխելու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի ադամանդ Հայաստան տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը։ 

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ Ա.Փափազյանը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ և հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարել է խոշոր չափերի մաքսանենգություն:

Այսպես` քրեական գործի նյութերի համաձայն` Ա.Փափազյանի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն` Ա.Գասպարյանն Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում գործող «AL Nobala Diamond» ընկերությունից ձեռք բերված, անհատ ձեռնարկատեր Ռ.Ռուբենյանին պատկանող 2702,742 կառատ խոշոր չափերի` 438.335.061 ՀՀ դրամ արժեքով ադամանդները պոլիէթիլենային տոպրակում փաթեթավորած վիճակում 2013թ. մարտի 1-ին Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխել է «Զվարթնոց» օդանավակայան:

Այնուհետև Ա.Փափազյանի հանձնարարությամբ, առանց մաքսային ձևակերպման ու հայտարարագրելու Ա.Գասպարյանը դրանք հանձնել է ուղևորների սպասարկման սրահում ծառայություն իրականացնող ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ Կ.Գալստյանին: 

Ինչպես տեղեկացնում են դատախազությունից, ըստ քրեական գործի նյութերի` Ա.Փափազյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մաքսային տեսուչ Կ.Գալստյանին հանձնարարել է Ա.Գասպարյանի փոխանցած փաթեթը դուրս հանել մաքսային հսկողության գոտուց և դնել օդանավակայանի ավտոկայանատեղում կայանված, իրեն պատկանող «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի մեջ: 

Կ.Գալստյանը, կարծելով, թե փաթեթում Ա.Փափազյանի համար նախատեսված անձնական իրեր են, կատարել է վերջինիս հանձնարարությունը. ադամանդներով փաթեթն առանց մաքսային հսկողության և հայտարարագրելու դուրս է բերել մաքսային հսկողության գոտուց, դրել նրան պատկանող ավտոմեքենայի մեջ, ինչը նույն պահին հայտնաբերել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով, Ա.Փափազյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Կ.Գալստյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել