Արցախի Հանրապետության դատախազությունից հայտնում են, որ մայիսի 10-ին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի ունեցած հրաձգության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ԱՀ քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ ԱՀ քաղաքացի Ս.Կ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով և 245-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցանքների կատարման համար և վերջինիս առաջադրվել է մեղադրանք:
Նկատի ունենալով մեղադրյալի կողմից դեպքի հանգամանքների վերաբերյալ գործով պարզված փաստական տվյալներին համահունչ ցուցմունքներ տալը, տուժողների ու ականատեսների հարցաքննված, գործով անհետաձգելի քննչական գործողությունների կատարված լինելը (հետևաբար նաև քրեական դատավարության մասնակիցների վրա ազդելու ցածր հնարավորությունը), ինչպես նաև խափանման միջոց ընտրելիս ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածով նախատեսված՝ քննության ենթակա մնացյալ հանգամանքները, նախաքննական մարմինը եկել է այն եզրահանգման, որ մեղադրյալի պատշաճ վարքագիծը կարելի է ապահովել անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցի ընտրմամբ, ուստի քննիչի կողմից որոշում էր կայացվել մեղադրյալի նկատմամբ չհեռանալու մասին ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին:
Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են խուզարկություններ, առգրավումներ, հարցաքննություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, որի ընթացքի ու արդյունքների մասին կտրվի հավելյալ տեղեկություն:
Քրեական գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժինը:
Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն է (Օգանովսկի), ով մոտեցել է 4 երիտասարդների, ովքեր մեքենան կանգնեցրել էին «Արցախի Ազատամարտիկների միություն» ՀԿ-ի շենքի դիմաց, և խնդրել է, որ մեքենան մի կողմ քաշեն, քանի որ մուտքը փակում են: Ինչից հետո վիճաբանություն է սկսվել և Սամվել Կարապետյանը ինքնաձիգից կրակոցնել է արձակել է, որոնք դիպել են ասֆալտին, մեքենայի դռանը: Նշենք նաև, որ նա «Արցախի Ազատամարտիկների միություն» ՀԿ-ի նախագահն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: