Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում ՝ պետբյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովելու համար: Որոշման նպատակն է՝ 2022 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված մի շարք ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև մի շարք ճանապարհահատվածների և թվով 1 տրանսպորտային օբյեկտի նախագծերÕ « պատրաստման, ծախսերի գնահատման և դրանց փորձաքննության ծառայությունների համար նախատեսել ֆինանսական միջոցներ։ Ըստ այդմ, առաջարկվում է 4 մլրդ 750 մլն դրամ հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:
Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, օբյեկտներից 7-ը փոխանցիկ են՝ այսինքն՝ ավարտական փուլում են, 3-ը նոր սկսվող աշխատանքներ են, 3-ը նախագծման աշխատանքներ են, և 43-ը` փորձաքննական ծառայության ենթակա աշխատանքներ։
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խոշոր ճանապարհաշինական աշխատանքներ կան, որոնք ավարտական փուլում են. «Խոսքը Մ2 միջպետական նշանակության ավտոճանապարհի Արենի-Արփի-Եղեգնաձոր 17.7 կմ հատվածի հիմնանորոգման մասին է Վայոց ձորի մարզում, Մ2 միջպետական ավտոճանապարհի Սարավան-Սարալանջ 16.9 կմ հատվածի հիմնանորոգման մասին է: Ես ուզում եմ ընդգծել, որ վերջին տարիներին մենք, ըստ էության, ճանապարհների որակի առումով էական փոփոխություն ենք արել, բայց դեպի Սյունիքի մարզ տանող ճանապարհն այն հատվածներից էր, Õ �րը դեռ որակի առումով էական խնդիրներ ուներ: Վերջին անգամ, որ եղել եմ այդ ճանապարհին, արդեն երևում էր, որ այս հատվածների հիմնանորոգմամբ էականորեն որակական փոփոխություն կունենանք: Հաջորդ հատվածը վերաբերում է Սյունիքի մարզի Վարդավան-Խդրանց-Ագարակ ճանապարհի 13.1 կմ հատվածի հիմնանորոգմանը, հաջորդը՝ Գեղարքունիքի մարզի Մ11 միջպետական նշանակության ավտոճանապարհի Մարտունի-Աստղաձոր 5.9 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումն է, հաջորդը՝ Մ10 ավտոճանապարհի Վայոց ձորի մարզ Գետափի հողային պաստառի փլուզված հատվածների, պաշտպանիչ հենապատերի և կառուցվածքների վերակագնումն է, Արմավիրի մարզում՝ Ալաշկերտ ճանապարհի 1 կմ հատվածի հիմնանորոգումը, որ նույնպես ավարտական փուլում է: Հաջորդը՝ Լոռվա մարզի Ստեփանավան քաղաքի սուրբ Վարդան փողոցի 1.6 կմ հատվածի հիմնանորոգումն է: Սրանք այն ծրագրերից են, որոնք կավարտվեն»:
Վարչապետն անդրադարձել է նաև 2022 թվականին նախատեսված ճանապարհաշինական աշխատանքներին. «Խոսքը՝ Վայոց ձորի մարզում Նորավանքի պատմական հուշարձանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի Արենի 8.1 կմ, Արարատի մարզի Բերդիկ-Այգեստան ավտոճանապարհի 2.1 կմ հատվածների հիմնանորոգման մասին է: Կրկին Արարատի մարզում՝ Այգեվան-Եղեգնավան ավտոճանապարհի 2.9 կմ հատված է հիմնաբորոգվում: Սրանք այն հատվածներն են, որոնց մրցույթներն արդեն եղել են, շինարարությունը որոշումից հետո արդեն կմեկնարկի:
Եվ սկսում ենք նախագծային աշխատանքներն Աղվանի-Տաթև միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման հատվածում: Երկրորդը՝ Սյունիքի մարզում Որոտան-Բարձրավան-Շուռնուխ հատվածը շրջանցող ավտոճանապարհի վերակառուցման մասին է և երրորդը՝ Մ3 միջպետական նշանակության ավտոճանապարհի 11+400 հատվածում գտնվող կամրջի շինարարության հիմնանորոգման մասին է Արմավիրի մարզում: Այստեղ ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել, որ Սյունիքի մարզում ճանապարհների նորոգման հետ կապված բավական մե ծ ծավալ կա, և այս աշխատանքները սկսվել և շարունակվում են»:
Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ Սյունիքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների շնորհիվ հնարավոր կլինի խուսափել Տաթևի ոլորանների ձորի բարդությունից. Սիսիանի հատվածից մինչև Տաթև կունենանք նոր ճանապարհ:
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն էլ նշել է, որ մարզում ճանապարհաշինարարական աշխատանքները լայն թափով են ընթանում: «Որոշակի խնդիրներ կան Տաթև-Աղվանի ճանապարհատվածում, սակայն վստահ եմ, որ շատ մոտ ապագայում այդ թերությունները կվերացվեն: Իսկ ընդհանուր առմամբ՝ աշխատանքներն կատարվում են լայն թափով և ժամանակին կավարտվեն»,-ասել է մարզպետը:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Տաթև-Աղվանի հատվածում առաջացած խնդիրները. «Նախորդ տարի մի քիչ արտակարգ ռեժիմով այդ ճանապարհը կառուցվեց: Երբ նախագծում էինք այդ ճանապարհը չէինք նախատեսել, որ պետք է բեռնափոխադրումների ամբողջ ծավալը տեղափոխվի այդ հատվածը: Այն նախագծային տվյալներով ավելի շատ որպես միջհամայնքային և տուրիստական նշանակության ավտոճանապարհ էր նախատեսվել: Դրա համար էլ այնտեղ խնդիրներ են առաջացել: Շինարարների հետ էլ ենք աշխատում, հասկանանք աշխատանքը ոնց ենք բաշխելու, որ բերենք պատշաճ որակÕ «: Բայց վստահ ենք, որ այս բոլոր նախագծերն իրականացնելուց հետո, կունենանք շատ ավելի լավ, շատ ավելի արագընթաց ճանապարհ, որը հետագայում՝ Հյուսիս-հարավը կառուցելուց հետո, իհարկե, կվերադառնա իր նախնական նշանակությանը: Կարծում եմ՝ այն Սյունիքի մարզի զարգացման համար շատ էական նշանակություն կունենա: Հիմա մենք հանգամանքների բերումով Սյունիքի մարզում շատ խիտ ճանապարհային ցանց ենք ստեղծում, ինչը շատ կարևոր ներդրում է նաև մարզի սոցիալ-տնտեսական զարգացման առումով: Առաջիկայում սպասում ենք նաև Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի մրցութային փաթեթն երի բացմանը, որպեսզի տեսնենք ինչպես ենք առաջ շարժվելու: Այդտեղ էլ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք նախանշած ժամկետում իրականացնել ծրագիրը»: