Խափանման միջոցը կիրառվում է դատարանի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի որոշմամբ:
Խափանման միջոց կիրառելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված, բովանդակի մեղադրյալին կամ կասկածյալին վերագրվող հանցագործության մասին նշումներ և համապատասխան խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության մասին հիմնավորում: Կալանավորումը, գրավը կիրառվում են միայն դատարանի որոշմամբ` քննիչի կամ դատախազի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ` դատարանում քրեական գործը քննելիս: Գրավը կալանավորման փոխարեն դատարանը կարող է կիրառել նաև պաշտպանության կողմի միջնորդությամբ:
Քրեական պատասխանատվության անձեռնմխելությունից օգտվող անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերի առկայության դեպքում դատախազը համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմում է համապատասխան մարմիններին: Քրեական վարույթն իրականացնող մարմինը կասկածյալին կամ մեղադրյալին հայտարարում է խափանման միջոց կիրառելու մասին իր որոշումը և անմիջապես նրան է հանձնում որոշման պատճենը: