2009 թվականի հուլիս ամսին Կոտայքի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն էր դիմել մի շահառու, որն իր ընտանիքի անդամների հետ 1974թ.-ից բնակվում է միևնույն բնակարանում: Բնակարանը սեփականաշնորհելու համար դիմել էր ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանում, որտեղից իրենց հայտնել են, որ այդ բնակարանը 1994թ. այլ անձ է սեփականաշնորհել:
Կոտայքի ՇՊԱԿ-ի աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպելով ՀՀ ԿԱ ԱԳ կադաստրի պետական կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման պետին պարզեցին, որ այդ բնակարանը սեփականաշնորհված չէ և պետական կադաստրում դրա հետ կապված իրավունքների որևէ գրանցում չկա: Կոտայքի ՇՊԱԿ-ի կողմից տրված անհրաժեշտ խորհրդատվության հիման վրա շահառուն 2009թ. օգոստոսին գրավոր դիմել էր Հրազդանի քաղաքապետին` բնակարանի սեփականաշնորհման հարցով: Նույն ամսին իր դիմումին ընթացք էր տրվել: Սակայն դրանից հետո քաղաքապետարանից որևէ պատասխան չի ստացել: 2009թ. հոկտեմբերին շահառուն կրկին դիմեց Կոտայքի ՇՊԱԿ հայտնելով, որ մի քանի անգամ այցելել է քաղաքապետարան, սակայն այնտեղ իրեն սպառիչ պատասխան չեն տրվել ևս:
Իր խնդրի լուծման նպատակով Կոտայքի ՇՊԱԿ-ին ուղղված շահառուի շարունակական դիմումները վկայում են Կոտայքի ՇՊԱԿ-ի աշխատակիցների հանդեպ իր ունեցած բարձր վստահության մասին, ինչն անշուշտ, պարտավորեցնող է:
Շահառուի դիմումի հիման վրա Կոտայքի ՇՊԱԿ-ը գրություն հղեց Հրազդանի քաղաքապետին: Սակայն, ցավոք սրտի, Քաղաքապետարանից ստացված գրությունը չէր պարունակում կոնկրետ պատասխան: Ստացված ոչ լիարժեք պատասխանը հարկադրեց Կոտայքի ՇՊԱԿ-ի տնօրենին իրավիճակը պարզաբանելու համար այցելել Քաղաքապետարան: Այցելության անհրաժեշտությունը չէր առաջանա, եթե գրության մեջ բարձրացված հարցերին տրվեին պատասխաններ օրենքի նորմերին համապատասխան: Մեծ էր Կոտայքի ՇՊԱԿ-ի տնօրենի զարմանքը, երբ նա իմացավ, որ դեռևս 2009թ. սեպտեմբեր ամսին ավագանին դիմումը բավարարել է և որոշում է կայացրել՝ շահառուի ընտանիքի անդամների անունով բնակարանն անհատույց սեփականաշնորհելու մասին, այնինչ այդ տեղեկությունները չէին հաղորդվում քաղաքացուն: ՇՊԱԿ-ի աշխատակիցներից ստացված այդ բարի լուրը շահառուին անկեղծ ուրախություն պարգևեց:
Ներկայումս շահառուն Քաղաքապետարանից վերցրել է ավագանու որոշումը և դիմել է ՀՀ ԿԱ ԱԳ կադաստրի պետական կոմիտե՝ սեփականությունը գրանցելու համար:
Շահառուն ՇՊԱԿ-ին հասցեագրված իր շնորհակալական խոսքում նշեց, մեջբերում ենք. «Եթե չլիներ ՇՊԱԿ-ի շարունակական աջակցությունը, ապա խնդրի լուծումը կարող էր անհարկի ձգձգվել և հանգեցնել կոռուպցիայի»: