Արցախի դատախազությունից հայտնում են․
«Ինչպես հայտնի է, ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում և դատախազության տարածքային ստորաբաժանումներում իրականացվում է ԱՀ կառավարության որոշմամբ հաստատված՝ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումների, այդ թվում աջակցության չափի որոշման հիմք հանդիսացող տեղեկությունների կազմման գործընթացի օրինականության ստուգում, որի շրջանակում ի հայտ բերված ենթադրյալ հանցավոր արարքների կապակցությամբ հարուցված քրեական գործերով իրականացված նախաքննության, ԱՀ գործադիր իշխանությանը ներկայացված միջնորդագրի քննարկման և ԱՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կատարվել է համապատասխան տեղեկությունների ճշգրտում, որի միջոցով միայն անասնագլխաքանակի մասով կանխվել է պետությանը 1.690.000.000 դրամի չափով գույքային վնասի պատճառումը:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կոչ ենք անում իրենց լիազորություններն իրականացնելիս` գործել բարեխղճորեն, օրինականության սահմաններում, բարձր պահել պետության հեղինակությունը և առաջնորդվել բացառապես ԱՀ Սահմանադրությամբ և օրենքներով:
Վերոհիշյալ ոլորտում դատախազական ստուգումներն ու ուսումնասիրությունները շարունակվում են»: