Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրով նախատեսված է հանրային կառավարման համակարգում բարեվարքության ամրապնդումը։
Ռազմավարության մեջ նշվում է, որ կոռուպցիայի կանխարգելման հարցում առանցքային նշանակություն ունի հանրային ծառայողի բարեվարքության նորմերին համապատասխանող հանրային կերպարի ձևավորումը, համապատասխան վերահսկողության մեխանիզմների ստեղծումը և փաստացի գործարկումը:
2018 թվականի մարտի 23-ի «Հանրային ծառայության մասին» թիվ ՀՕ-206-Ն օրենքով ներդրվել է բարեվարքության համակարգ, որը ներառում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների վարքագծի սկզբունքները և դրանցից բխող վարքագծի կանոնները (այդ թվում՝ նվերներ ընդունելու արգելքի վերաբերյալ), անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումներ և շահերի բախումը:
Չնայած նորմերի առկայությանը՝ փաստացի դրանց ապահովումը գրեթե հնարավոր չի եղել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշյալ օրենքով տվյալ դրույթների կիրառումը փաստացի պայմանավորված է եղել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման հանգամանքով:
Բարեվարքության տեսանկյունից կարևորվում է քաղաքական որոշումներ կայացնողների գործունեության հրապարակայնության նվազագույն չափանիշների սահմանումը (տվյալ միջոցառումը սահմանված էր նաև նախորդ ռազմավարությամբ, սակայն գործնականում այն չի իրականացվել):
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ի թիվս այլ գործառույթների, վերապահվել է ««Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում ու կարգով դատավորների և դատավորների թեկնածուների, «Դատախազության մասին» օրենքով սահմանված դեպքերում ու կարգով դատախազների և դատախազների թեկնածուների, քննիչների բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքում խորհրդատվական բնույթի եզակացություններ ներկայացնելու գործառույթ:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և դրան վերոնշյալ գործառույթների վերապահումը կնպաստի հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների բարեվարքության համակարգի լիարժեք և արդյունավետ գործունեությանը, ազնիվ, բարեխիղճ և գործունյա հանրային պաշտոն զբաղեցնող անձի և ծառայողի կերպարի ստեղծմանը, հանրային ծառայության համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը:
Բարեվարքության ապահովման հաջորդ կարևոր երաշխիքը 2018 թվականի մարտի 23-ի «Հանրային ծառայության մասին» թիվ ՀՕ-206-Ն օրենքով նախատեսված հանրային ծառայողների էթիկայի հանձնաժողովների և բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտի ձևավորումն է: Էթիկայի հանձնաժողովները՝ բարեվարքության հարցերով կազմակերպիչների հետ համագործակցությամբ պետք է հետևեն հանրային ծառայողների կողմից բարեվարքության պահանջների պահպանմանը:
Հարկ է նշել, որ ԿԿՀ-ը 2021 թվականի ընթացքում գրեթե ավարտին է հասցրել Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների, պետական և համայնքային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը, որը մշակվել է ԵԽ/ԵՄ 91 Գործընկերություն հանուն լավ կառավարման «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» II ծրագրի շրջանակներում:
Նշենք, որ այժմ առկա է տիպային կանոնների նախնական տարբերակը, և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ տեղական փորձագետների հետ աշխատանքներ են տարվում դրանց լրամշակման ուղղությամբ։