Դատաիրավական բարեփոխումներ, նախապատմություն, ձեռքբերումներ, ծրագրեր թեմայով սեմինար լրագրողների համար

Լրագրողները մեր հասարակությունում շատ կարևոր դեր են կատարում: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ լրագրողներն ունենան ճիշտ պատկերացում դատական և իրավական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի վերաբերյալ: Այս մասին Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրուցում նշեց ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նորա Սարգսյանը` խոսելով «Դատաիրավական բարեփոխումներ, նախապատմություն, ձեռքբերումներ, ծրագրեր» թեմայով լրագրողների համար կազմակերպված երկօրյա սեմինարի մասին:

«Լրագրողները պետք է հակակշռող մեխանիզմներ ունենան այդ ռեֆորմների իրականացման ընթացքում և ստիպեն իշխանություններին հետևողական լինել: Եթե նրանք ունենան բավարար գիտելիքներ և գիտենան, թե ինչին է ուղղված բարեփոխումները, ապա կկարողանան ճիշտ հարցադրումներ անել»,- ասաց Նորա Սարգսյանը:

Հուլիսի 13-14-ին Ծաղկաձորում Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի նախաձեռնությամբ կազմակերպված երկօրյա սեմինարի ժամանակ «Իրավունքի հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՀՀ արդարադատության նախարարության աջակցությամբ ներկայացրեց Դատական և իրավական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի մասնրամասները:

Անկախ փորձագետ, փաստաբան Մարատ Ատովմյանը ներկայացրեց հետխորհրդային Հայաստանում իրականացված դատական համակարգի բարեփոխումները մինչև 2005 թվականը:

«Իրավունքի հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Գեորգի Խաչատրյանն անդրադարձավ դատաիրավական բարեփոխումների ռազմավարության 2009-2011 թվականների ծրագրին, նպատակներին, իսկ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նորա Սարգսյանը խոսեց դատական և իրավական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրով նախանշված միջոցառումներից, մի շարք օրենքներում կատարված փոփոխություններից:

Առաջիկայում նախատեսվում է լրագրողական մրցույթ դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ, որի մարնամասները կազմակերպիչները կհրապարակեն ավելի ուշ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել