Այսօր գումարվել է ‹‹Գավառի պետական համալսարան›› հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ընտրության հարցն էր։
Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Նիստը վարել է ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը։
Հոգաբարձուների խորհրդի 20 անդամից նիստին մասնակցել է 18-ը։ Սահմանված կարգի համաձայն՝ քննարկվել և հաստատվել է ԳՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդի՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռուզաննա Հակոբյանի համապատասխանությունը Գավառի պետական համալսարանի կանոնադրության և ԳՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգով նախատեսված պահանջներին։
Ռեկտորի թեկնածուն ներկայացրել է իր գործունեության ծրագիրը և անդրադարձել բուհի զարգացման հիմնական հայեցակարգային ուղղություններին։
Փակ (գաղտնի) քվեարկության արդյունքում Ռուզաննա Հակոբյանը 18 կողմ, 0 դեմ և 0 անվավեր ձայներով ընտրվել է «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր։