Ի՞նչ լեզվով պետք է կնքվի ՀՀ մասնակցությամբ միջազգային պայմանագիրը

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի նախագիծը մշակվում, ներպետական համաձայնեցման ընթացակարգեր է անցնում հայերենով։

Եթե պայմանագրի նախագիծը ներկայացվել է միջազգային պայմանագրի օտարերկրյա սուբյեկտի կողմից, ապա այն թարգմանվում է հայերեն և ՀՀ միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով ներպետական համաձայնեցման ընթացակարգեր է անցնում հայերենով։

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի նախագծի, դրա փոխհամաձայնեցման և պայմանագրի ստորագրման ներկայացվող կամ ստորագրման համար բաց միջազգային պայմանագրի հայերեն և օտար լեզուներով տեքստերի կազմման պատասխանատուն իրավասու գերատեսչությունն է, որն օրենքով սահմանված կարգով ներպետական համաձայնեցման ընթացակարգերն ավարտելուց հետո պայմանագրի մյուս կողմի հետ փոխհամաձայնեցնելու նպատակով արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում դրա հայերեն և համապատասխան օտար լեզուներով թղթային և էլեկտրոնային տարբերակները։

Հայաստանի Հանրապետության երկկողմ միջազգային պայմանագրի բնօրինակներից մեկը ստորագրվում է հայերենով, բացառությամբ տվյալ միջազգային պայմանագրի կողմերի համաձայնությամբ պայմանագիրը նրանց համար ընդունելի միայն մեկ օտար լեզվով ստորագրելու դեպքերի։

Հայաստանի Հանրապետության բազմակողմ միջազգային պայմանագիրը ստորագրվում է օտար լեզվով, իսկ այդ պայմանագրով նախատեսված լինելու դեպքում` նաև հայերենով։ Հայերենով և զուգահեռաբար օտար լեզվով ստորագրվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի տեքստերի նույնականությունը նախքան ստորագրումը հաստատում է արտաքին գործերի նախարարությունը։

Հայերենով և զուգահեռաբար օտար լեզվով ստորագրվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի տեքստերի նույնականության հաստատման կարգը սահմանում է արտաքին գործերի նախարարությունը։

Հայերենով և օտար լեզվով ստորագրված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի տեքստերը հավասարազոր բնագրեր են։ Հայերեն և օտար լեզվով բնագրերի միջև անհամապատասխանություն բացահայտվելու դեպքում դրանց ուղղումն իրականացվում է միջազգային պայմանագրերի կնքման հարաբերությունները կարգավորողմիջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգով։

Միայն օտար լեզվով ստորագրված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի` արտաքին գործերի նախարարության հաստատած նույնական հայերեն տեքստը համարվում է հայերեն բնագիր. նման պայմանագրի կիրառման ընթացքում դրա դրույթների մեկնաբանման անհրաժեշտություն առաջանալու դեպքում հիմք է ընդունվում օտար լեզվով ստորագրված բնագիր տեքստը։

Եթե Հայաստանի Հանրապետության երկկողմ միջազգային պայմանագիրը, հայերենից և մյուս կողմի պաշտոնական լեզվից բացի, ստորագրվել է նաև երրորդ լեզվով, ապա պայմանագրի կիրառման ընթացքում դրա դրույթների մեկնաբանման դեպքում տարակարծություններ առաջանալիս հիմք է ընդունվում այն լեզվով կազմված տեքստը, որին հղում է արված տվյալ միջազգային պայմանագրով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել