Շառլ Ազնավուրի հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանց միացան նաև Իջևանից քայլերթով Երևան հասած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ու համակիրները։
Գեղամ Նազարյանը նշեց, որ սա դասական իմաստով հանրահավաք չէ, այլ զոհված հերոս տղաների ծնողների արդարության, օրինականության համար մղվող պայքարի մի մասնիկը։
«Ընդամենը մեկ անգամ ևս ի լուր աշխարհի բարձրաձայնում ենք մեր միտքը, մեր ասելիքն առ այն, որ չկարծեք՝ մենք երբևիցե մոռանալու ենք այն ինչ եղել է, չկարծեք, որ ծնողները մոռանալու են, թե ինչ է եղել և մեր վրեժի պայքարն՝ իրավական բոլոր հիմքերն ունենալով, շարունակելու ենք։
Մենք այսետեղ ինքներս կորոշենք՝ դեպի ուր ենք գնում, ինչ ենք անում, բայց ընդհանրապես ինձ շատ անգամ հարցնում են, հարցնում են՝ թե դուք, կամ ձեր ընկերները, ձեզնից որևէ մեկը լիներ երկրի ղեկավար՝ միթե այս պատերազմում մենք հաղթելու էինք։ Բայց մենք հիմա այդ բարձրաձայնումը չենք անում, մենք ասում ենք՝ այո, մենք ընդամենը թույլ չէինք տալու, որ պատերազմ լինի, որովհետև այն պատերազմը, որ բերեցին մեր երկիր, այն արյունը, որ բերեցին մեր տուն, այն ողբերգությունը, որ բերեցին մեր տուն՝ արհեստածին էր, այն հնարավոր էր կանխել, եթե ընդամենն ինչ-որ մեկը չասեր՝ ավելի լավ է ինձ գժի տեղ դնեմ, բայց հանկարծ ինձ դավաճան չասեն»,-ասաց պատգամավորը։
Գեղամ Նազարյանը նշեց, որ երբ հայտարարել են, թե մենք մեր 0-ական կետից սկսում ենք, ոնց ուզում բանակցում ենք, արդեն իսկ, ցավոք սրտի, չհասկացանք, որ վճռվում է մեր որդիների «ապագան»։
«Այս վարչախմբին ասենք՝ չկարծեք, որ վախեցնելով, սպառնալով, փափուկ բարձ դնելով, մարտի 8-ի քեֆ-ուրախություններ կազմակերպելով հերոս տղերքի ծնողները լռելու են։ Իհարկե, այսօր այտեղ պետք է հավաքված լիներ 8․000 ծնող, 16․000 քույր ու եղբայր, բայց ես ձեզ ասեմ՝ այստեղ ովքեր հավաքվել են, այն ծնողները, ովքեր հավաքվել են՝ բոլոր հերոս, նահատակ տղերքի հավաքական կերպարն են և արտահայտում են բոլորիս շահերը»,-ասաց Նազարյանը։
Նշենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի որդին՝ Աբգար Նազարյանը ևս զոհվել է Արցախյան 2-րդ պատերազմում: