Զոհված զինծառայողների ծնողները վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել Գլխավոր դատախազություն։
Այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրուցում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ բազմաթիվ անգամներ հրապարակային ապահովել են տեղեկատվություն, որ դեռևս նախորդ տարի Մովսես Հակոբյանի հաղորդման հիման վրա հարուցված և ներկայումս Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է քրեական գործ և այդ քրեական գործի քննության առարկան է, ըստ էության՝ 44-օրյա պատերազմի նախապատրաստվելու, պատերազմի ամբողջ գործընթացում ռազմաքաղաքական ղեկավարության յուրաքանչյուրի կողմից իր գործողությունները, իր պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև դրանց արդյունքների հետ, դրանք պատճառական կապը։
«Այդ քրեական գործը՝ ունենալով այսպիսի ծավալուն քննության առարկա, ի վերջո պատասխան պետք է տա այն հարցերին, թե մինչ պատերազմական իրավիճակը, պատերազմի ամբողջ ընթացքում ռազմաքաղաքական մեր ղեկավարությունը իր պարտականությունները այս կամ այն ուղղությամբ իրավաչափ է իրականացրել, թե իրավաչափ չի իրականացրել։
Զինծառայողների հարազատների կողմից ներկայացված հաղորդումը, ըստ էության, վերաբերում էր Ազգային ժողովի նիստի ժամանակ Հանրապետության վարչապետի ելույթում հնչած համապատասխան խոսքերին և այդ խոսքերը մեր կողմից արդեն իսկ ուղարկվել էին, հետևաբար նաև այդ հաղորդմամբ ներկայացված այդ նյութը դարձյալ ուղարկվեց Հակակոռուպցիոն կոմիտե, այդ նույն քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար»,-ասաց գլխավոր դատախազը։
Նրա խոսքով՝ այդ քրեական գործն անդրադառնում է այն նույն հանգամանքներին, ինչի վերաբերյալ հնչել է վարչապետի խոսք, հետևաբար, այդ խոսքը քրեական գործով ձեռք բերված այլ տվյալների համադրման արդյունքում պետք է արժանանա համապատասխան իրավական գնահատականի։
«Խոսքն ինքնին իրենով իրավական նշանակություն չի կարող ունենալ, եթե ինքը այդ փաստով քննվող այլ քրեական գործի այլ հանգամանքների, ձեռք բերված այլ ապացույցների հետ համադրության մեջ չդիտարկվի»,- ադսաց Արթուր Դավթյանը։
Ի պատասխան այն դիտարկման, թե ընդդիմադիրների պնդմամբ այդ ելույթից հետո պետք է խորհրդարան գային՝ համապատասխան գործողություններ իրականացնելու, քանի որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ եթե ավելի շուտ պատերազմը կանգնեցվեր՝ նույն իրավիճակը կլիներ, բայց ավելի քիչ զոհերով, դատախազը նշեց, որ չի կարող իրավական գնահատական տալ, արդյո՞ք վարչապետի խոսքն իր մեջ հանցակազմ էր պարունակում։
«Իրենց ասածն ինչ է, որ մենակ այդ խոսքը կարող էր նկարավգրվեր որպես մեղադրանքի նկարագրություն և մեղադրանք առաջադրվեր, հիմա նույն հաջողությամբ նույն անհիմն իրավական տրամաբանությամբ կարող էր նաև այդպիսի մեղադրանք առաջադրվել նաև այն դեպքում, երբ առանց համապատասխան պաշտպանություն կազմակերպելու մեր պետության, ուղղակի համապատասխան տարածքներ զիջվեին թշնամուն։ Այսինքն՝ նույն տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում կարող էր նաև դա հնչել, եթե մենք ունենայինք այդպիսի իրողություն (առանց պատերազմի տարածքները հանձնվեին թշնամուն․-խմբ․)։ Դրա համար իմ ասելիքը որն է, որ պատերազմական գործողությունները կարող էին կանգնեցվել, պատերազմական գործողությունները կարող էին չիրականացվել․․․ դրանք քրեական գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ պետք է համադրվեն։ Դրանք իհարկե համադրվում են»,-ասաց նա։
Գլխավոր դատախազի խոսքով՝ քրեական գործի առաջին իսկ փուլից դատախազությունը ձեռնարկել ու ձեռնարկում են բոլոր միջոցները, որպեսզի իրականացվի լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննությունը։
«Իհարկե, հասկանում ենք, բարդություններ, դժվարություններ շատ կան, ծավալուն աշխատանք պետք է իրականացնել, բայց մենք ևս շատ շահագրգիռ ենք, որպեսզի ժամ առաջ այդ տեղեկությունները ամբողջականանան և հնարավոր լինի համադրմամբ իրավական գնահատականներ տալ»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է նրան, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատավարական ինչ կարգավիճակ ունի այդ գործի շրջանակներում կամ արդյո՞ք նա հարցաքննվել է՝ Արթուր Դավթյանը չպատասխանեց՝ հաշվի առնելով քրեական գործի նրբությունը։