ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեր դպրոցներից Երևանի թիվ 118 ավագ դպրոցը ամեն տարի կազմակերպում է «Ես բնագետ եմ» աշակերտական համաժողովը, որի նպատակն է.
- խորացնել բնագիտական առարկաների գիտելիքները գիտահետազոտական աշխատանքի փորձով,
- ծանոթանալ գիտական արդի խնդիրներին և նրանց լուծման ժամանակակից մոտեցումներին,
- նպաստել հանրապետության տարբեր դպրոցներում բնագիտությամբ հետաքրքրվող սովորողների համագործակցությանը,
- սովորողների շրջանում ձևավորել մեծ լսարանի առջև ելույթ ունենալու հմտություններ,
նպաստել հանրակրթություն-գիտություն, դպրոց-բուհ կապերի ամրապնդմանը:
«Ես բնագետ եմ» աշակերտական ամենամյա համաժողովին այս տարի հայտագրվել է այնքան մասնակից, որ համաժողովը կանցկացվի երկու օրով՝ 7-9-րդ և 10-12-րդ դասարանցիների համար տարբեր օրեր՝ մայիսի 13-ին և 14-ին։
Հայտագրվել են 920 մասնակից, 300 զեկուցող, 320 մասնակից դպրոց։
Այս դպրոցում տարբեր դպրոցներ պարբերաբար հյուրընկալվում են նաև լաբորատոր փորձեր կատարելու, բնագիտական առարկաների ուսուցման նոր մոտեցումներին ծանոթանալու համար։
Շատ կարևոր է, որ այս նախաձեռնությունները հենց դպրոցներից են գալիս ու միջդպրոցական համագործակցության արդյունք են։ Համագործակցային և բաց դպրոցները կրթության որակի ամենակարևոր երաշխավորն են»,- գրել է նա։