Կառավարությունը որոշում ընդունեց զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում պատվաստման համար տուլարեմիայի դեմ պատվաստանյութ գնելու վերաբերյալ

Կառավարությունը ապրիլի 15-ի նիստին որոշում է ընդունել  Տուլարեմիա պատվաստանյութի գնման գործընթացը կազմակերպելու վերաբերյալ։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանում Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված է իրականացնել պատվաստումներ տուլարեմիայի դեմ զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումով: Պատվաստանյութն արտադրվում է բազմադեղաչափ՝ 30, 35 ,40, 45 և 50 դեղաչափ սրվակներով, որի արդյունքում պատվաստանյութի կորուստը լինում է բավականին բարձր՝ տարեկան միջին կորուստը կազմելով 50-60 տոկոս, քանի որ սրվակը բացելուց հետո պատվաստանյութը թույլատրվում է օգտագործել միայն երկու ժամվա ընթացքում: Հաշվի առնելով այս հանգամանքը, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց պատվաստումները կազմակերպվում են միաժամանակյա՝ անտեղի կորուստից խուսափելու նպատակով:

Վերջին 3 տարիներին տուլարեմիայի դեմ պատվաստանյութի ձեռք բերման գործընթացում եղել են դժվարություններ, քանի որ պատվաստանյութի արտադրության հետ կապված առկա են որոշ առանձնահատկություններ: Մասնավորապես շուկայում հայտնի է միայն մեկ արտադրող՝ Ռուսաստանի Դաշնության «Միկրոգեն» գիտաարտադրական միավորումը, որը ժամանակ առ ժամանակ ապահովում է միայն մեր երկրի կարիքների համար նպատակաուղղված արտադրություն:

Ըստ ««Միկրոգեն» գիտա­արտադրական միավորում» ԲԸ-ի կողմից ներկայացված գնային առաջարկի, տուլարեմիա պատվաստանյութի 1 դոզայի գինը CIP Երևան կազմում է 109.15 ռուբլի, իսկ բոլոր ծախսերը և հարկերը ներառված` 689.3 ՀՀ դրամ: Կից ներկայացվում է ««Միկրոգեն» գիտա­արտադրական միավորում» ԲԸ-ի կողմից առողջապահության նախարարությանը ներկայացված գնային առաջարկը և հավաստիացումը այն մասին, որ վերջինս ՀՀ-ում չունի պաշտոնական ներկայացուցչություն (գրությունը կցվում է): Հաշվի առնելով, բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման առաջնահերթությունը, առողջապահության նախարարությունը նպատակահարմար է գտնում 2022թ. ևս իրականացնել տուլարեմիա պատվաստանյութի մեկ անձից գնում` ՌԴ ««Միկրոգեն» գիտա­արտադրական միավորում» ԲԸ-ից: Այդ նպատակով, սույն նախագծով առաջարկվում է իրականացնել գնման ձևի փոփոխություն:

Պետության 2022 թվականի կարիքների համար պատվաստանյութի գնումը նպատակահարմար է իրականացնել առողջապահության նախարարության կողմից` Ռուսաստանի Դաշնության «Միկրոգեն» գիտաարտադրական միավորման հետ մեկ անձից գնում իրականացնելու միջոցով:

Ակնկալվում է ՀՀ բնակչության շրջանում կանխարգելիչ պատվաստումների անվտանգ և արդյունավետ իրականացում, որի հետևանքով կապահովվի Հայաստանի Հանրապետությունում տուլարեմիայի դեպքերի կանխարգելում և կայուն համաճարակային իրավիճակի ստեղծում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել