Հայկական կողմը լիովին համամիտ է համարձակ քայլեր կատարելու անհրաժեշտության հետ. ԱԳՆ արձագանքը՝ Չավուշօղլուին

Հայաստանի ու Թուրքիայի միջև կա նախնական ըմբռնում, որ երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում։ Հանդիպման ժամկետի և վայրի վերջնական հաստատման պես հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի։

Այս մասին, ի պատասխան «Արմենպրեսի» հարցմանը, հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

-Թուրքիայի ԱԳ նախարարն իր հարցազրույցում նշել է, թե իրենք կցանկանային, որ հանդիպումը լիներ Հայաստանում կամ Թուրքիայում: Ի՞նչ դիրքորոշում ունի հայկական կողմն այս առումով:

Կարգավորման նախորդ փորձերի ժամանակ հանդիպումներ Հայաստանում և Թուրքիայում եղել են՝ թե՛ բանակցողների, թե՛ նույնիսկ նախագահների մակարդակով, բայց, ինչպես գիտեք, դրանք արդյունքի չեն հանգեցրել: Նկատի ունեմ՝ կարևորը կարգավորման հասնելու քաղաքական կամքն է և հստակ՝ առարկայական քայլերի գնալու պատրաստակամությունը: Մենք ցուցաբերում ենք երկուսն էլ, և նույնն ակնկալում ենք Թուրքիայից: Եթե կամքը լինի, հանդիպումների վայրը կդառնա զուտ տեխնիկական հարց։

Ավելին, հատուկ ներկայացուցիչների՝ Հայաստանում և Թուրքիայում հանդիպումներ ունենալու առաջարկը վկայում է, որ Թուրքիայի ընկալմամբ՝ գործընթացն ամբողջությամբ երկկողմ բնույթ ունի։ Այս պարագայում տրամաբանական կլիներ, որ Թուրքիայի ներկայացուցիչներից չլսեինք գրեթե ամենշաբաթյա հայտարարություններ այն մասին, թե իրենք գործընթացն առաջ են մղում Ադրբեջանի հետ համակարգմամբ։

-Նախարար Չավուշօղլուն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ խոսելիս նշել է նաև համարձակ քայլերի անհրաժեշտության մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

Հայկական կողմը լիովին համամիտ է համարձակ քայլեր կատարելու անհրաժեշտության հետ։ Մենք բազմիցս ցույց ենք տվել առաջ շարժվելու պատրաստակամությունը, այդ թվում՝ Անթալիայի դիվանգիտական ֆորումին ԱԳ նախարարի մասնակցությամբ, տնտեսական էմբարգոյի վերացմամբ: Հայաստանի ու Թուրքիայի միջև ավիաչվերթների վերականգնումը նույնպես երկկողմ կարևոր քայլ էր:

Համոզված ենք, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը ենթադրում է շարունակական հստակ քայլեր։ Օրինակ՝ մենք թուրքական կողմին առաջարկել ենք առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է: Կարծում ենք՝ սա փոքր, բայց առարկայական, կարևորը՝ տրամաբանական քայլ կլինի: Հույս ունենք՝ հնարավոր կլինի այս հարցում հասնել արդյունքի:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական NTV հեռուստաընկերության եթերում ասել է, որ իրենք առաջարկել են հայ-թուրքական հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն անցկացնել կա՛մ Թուրքիայում, կա՛մ Հայաստանում, նույնիսկ նշել են, որ իրենք պատրաստ են առաջինը գալ Երևան, բայց հայկական կողմը հրաժարվել է և ասել` եկեք երրորդ երկրում հանդիպենք։

«Հայաստանին ուզում եմ ասել՝ լավ, դուք կարող եք ճնշման տակ լինել, գործընթացը դժվար է, սփյուռքի մի մասը դեմ է կարգավորման, բայց երրորդ երկրում հանդիպելու կարիք դեռ կա՞։ Եթե հանդիպումները մեր երկրներում անելու հարցում համաձայնության չենք գալիս, մյուս հարցերում ինչպե՞ս ենք քայլ անելու։ Ես մեղադրելու համար չեմ ասում, սակայն թող հայերը մի քիչ խիզախ լինեն»,- հայտարարել է թուրք պաշտոնյան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել