Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ապրիլի 14-ին տեղի են ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անվտանգության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման եւ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցերով համատեղ հանձնաժողովի եւ ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստերը: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նախագահել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստը:
Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:
Ողջույնի խոսքում Հակոբ Արշակյանը նշել է, որ վերջերս Ալմաթիում նշված ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակն առիթ էր գնահատելու կատարված աշխատանքը եւ նախանշելու հետագա զարգացման հեռանկարները: «ԱԺ փոխնախագահը վստահություն է հայտնել, որ Միջխորհրդարանական վեհաժողովը շարունակելու է մնալ խորհրդարանական հեղինակավոր հարթակ, որտեղ մշակվում են կառուցողական մոտեցումներ եւ ընդունվում հավասարակշռված որոշումներ՝ ի շահ անկախ պետությունների համագործակցության:
Խորհրդարանի փոխնախագահի գնահատմամբ՝ վեհաժողովի շրջանակում հետագա համատեղ աշխատանքն ընթանալու է փոխըմբռնման եւ փոխլրացման մթնոլորտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում պետք է ուշադրության արժանանան արդիական խնդիրները եւ ընդհանրացվի ԱՊՀ մասնակից պետություններում գործող պրակտիկան:
Նշվում է, որ օրենսդիրները քննարկել են հանձնաժողովների մշակած մոդելային իրավական փաստաթղթերի նախագծերը, իրականացվել են ԱՊՀ անդամ պետությունների ոլորտային մոդելային օրենսդրության մշակման աշխատանքներ: