Հուլիսի 6-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում իր աշխատանքը շարունակեց «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Սփյուռքում ձևավորված տարածաշրջանային հանձնախմբերի գործունեության իրավական հարցերի քննարկմանը:
Զեկույցով հանդես եկան ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական, Սահմանադրական իրավունքի կենտրոնի նախագահ Գևորգ Դանիելյանը, ՀՀ արդարադատութան նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը, «Արևմտահայերի ազգային կոնգրես»-ի նախագահ, միջազգային իրավունքի փորձագետ ֆրանսահայ Սուրեն Սերայդարյանը, միջազգային իրավունքի պրոֆեսոր արգենտինահայ Ռոբերտո Մալխասյանը, իրանահայ իրավաբան Ռիտա Ավետիսյանը, Ռուսաստանը ներկայացնող իրավաբաններ Կարեն ներսիսյանը, Սիմոն Ծատուրյանը և ոլորտի այլ մասնագետներ:
Քննարկվեցին ցեղասպանության ենթարկվածների ժառանգների գույքային փոխհատուցման վերաբերյալ դատական ատյաններ անհատական և խմբակային կարգով հայցադիմումներ ներկայացնելու, իրավահաջորդության և պահանջատիրության ներկայացման այլ հարցեր:
Ամփոփելով համաժողովի աշխատանքները՝ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ ստեղծվում է հատուկ հանձնախումբ՝ Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների իրավական թղթածրարն ամբողջականացնելու նպատակով:
Համաժողովը ընդունեց հայտարարություն, որը ներկայացվում է ստորև:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ընդունված
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի մասնակիցների կողմից
Կարևորելով աշխարհասփյուռ հայ իրավաբանների ներուժի ուղղորդման անհրաժեշտությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման ուղղությամբ,
արձագանքելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կոչին,
ողջունելով Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսների 2013թ. ապրիլի 24-ի համատեղ հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, հետևանքների հաղթահարման, հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալվածքները և հոգևոր-մշակութային արժեքները իրավատիրոջը վերադարձնելու մասին,
արժևորելով ցեղասպանությունների հիմնախնդիրների վերաբերյալ հայ և օտարազգի իրավաբանների մինչ օրս կատարած աշխատանքները,
քննարկելով Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման հիմնախնդիրները միջազգային իրավունքի շրջանակներում,
Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի մասնակիցներս՝ դիմելով բոլոր հայ իրավաբաններին, ցեղասպանությունների հիմնախնդիրներով զբաղվող միջազգային իրավունքի օտարազգի մասնագետներին:
Հայտարարում ենք՝
1. Հայ իրավաբանների առաջնահերթ խնդիրը համարում ենք ոչ թե Ցեղասպանության ակնհայտ իրողության փաստումը, այլ հետևանքների հաղթահարման առումով իրավական հիմնավոր ու ամբողջական թղթածրարի պատրաստումը՝ համաժողովում ներկայացված մոտեցումների, առկա հետազոտությունների ու փաստաթղթերի, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա,
2. իրավական հիմնախնդիրների շրջանակներում համագործակցելու ենք ՀՀ Նախագահի գլխավորությամբ գործող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և Սփյուռքում գործող հանձնախմբերի հետ,
3. ստեղծելու ենք հատուկ հանձնախումբ Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների իրավական թղթածրարն ամբողջականացնելու համար։
Իրավաբանների համահայկական խորհրդաժողով
ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոն
ՀՀ իրավաբանների միություն