ՀԱՊԿ արձագանքը Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանի ներխուժմանը` ձախողում է Կազմակերպության համար. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ 2021 թվականի ընթացքում կառավարության ձախողումներին՝ խոսելով 2021 թվականի մայիսի 12-ի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սոթք-Խոզնավար հատվածում:

«Ինչո՞ւ այդ ձախողումը տեղի ունեցավ, այս հարցի պատասխանը ստանալու համար, թերևս, տեղի ունեցածը պետք է դիտարկել դրան նախորդած մի շարք կարևոր իրադարձությունների խորապատկերում: 2021 թվականի մայիսի 10-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը արձակվեց իրավունքի ուժով ու մեր երկիրը թևակոխեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջափուլ ու միանշանակ է, որ դրանից երկու օր անց տեղի ունեցած ներխուժման մոտիվացիաներից մեկը Հայաստանի Պետական ինստիտուտները ու պետականությունը կաթվածահար անելն էր, նախընտրական ու հետընտրական քաոսի հարուցումը և ընտրությունների արդյունքների վրա կոնկրետ ազդեցություն ունենալը: Կարող ենք ուղիղ ասել, որ դա հարձակում էր նաև Հայաստանի ժողովրդավարության վրա, բայց մայիսյան ներխուժման համատեքստը կիսատ կմնա, եթե հաշվի չառնենք փետրվարին տեղի ունեցած իրադարձությունները, երբ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը բացահայտ կերպով քաղաքականության մեջ ներքաշվեց՝ կառավարության հրաժարականը պահանջող հայտարարություն տարածելով: Պետք է արձանագրել, որ ընդդիմությունը, որի երբեմնի առաջնորդի խոստովանությամբ, ինքը դեռ պատերազմի ժամանակ էր գեներալներին կոչ անում հրացանափողերն ուղղել ոչ թե հակառակորդի, այլ կառավարության շենքի վրա, ի վերջո, հասավ իր նպատակին և պարզվեց, որ բանակում կան ուժեր, որոնց ավելի շատ հետաքրքրում է ոչ թե այն, թե ինչ կատարվում է սահմանին, այլ այն, ինչ կատարվում է Հանրապետության հրապարակում, Բաղրամյան պողոտայում, Մելիք-Ադամյան փողոցում», – ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ Զինված ուժերի քաղաքականացումը, ներքաշումը քաղաքական ինտրիգների մեջ հերթական անգամ ցույց տվեց իր աղետաբերությունը ու, երբ հետահայաց վերլուծում են շատ իրադարձություններ, երբեմն տպավորություն է, թե ռազմական անհաջողությունները ոմանց պարզապես անհրաժեշտ էր Հայաստանում իշխանափոխության շարժառիթ ձևակերպելու համար:

«Իհարկե, սա կարող է կոնսպիրոլոգիա թվալ, որը ոչ մի կոնկրետ փաստով հիմնավորված չէ, բայց վերլուծությունները հանգեցնում են նման մտքերի: Մի շարք բարձրաստիճան զինվորականների բացահայտ հայտնվելը ընդդիմադիր դաշտում պաշտոնանկությունից անմիջապես հետո, հաստատում են այն վարկածները, որոնց մասին խոսել եմ հայտնի իրադարձություններից առաջ: Նրանցից շատերը այսօր ընդդիմադիր ելույթներ են ունենում, մինչդեռ, իրենք են եղել անձնական պատասխանատուն մի շարք ձախողումների, որոնց համար մեղադրում են կառավարությանը», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա գնահատմամբ՝ Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած ՀՀ զինված ուժերի ու կառավարության ձախողումն է, բայց այն, ինչպես տեղի ունեցածին արձագանքեց ՀԱՊԿ-ը, ձախողում էր նաև Կազմակերպության համար:

«Ի հեճուկս գոյություն ունեցող ընթացակարգերի՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս խնդրո առարկա հատվածում մոնիտորինգ իրականացնելու որոշում չի կայացրել՝ արդարացնելով երկար տարիներ հայ հանրության շրջանում առկա մտավախությունը, թե Հայաստանի անվտանգության համակարգի համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ կազմակերպությունը անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի՝ մնալով դիտորդի կարգավիճակում: Փաստն այն է, որ մինչև օրս ՀԱՊԿ-ը նույնիսկ դիտորդի կարգավիճակում որևէ ձևով այս իրավիճակը չի հասցեագրել», – ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ներկա գտնվել Սոթք-Խոզնավար հատվածում՝ իրական սպառնալիքներ ստեղծելով Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:

«Բայց նաև ուզում եմ արձանագրել, որ այդ իրադարձությունների հետևանքով օկուպացիայի տակ հայտնված 45 քառակուսի կիլոմետր տարածքները, ցավոք, միակը չեն Հայաստանի Հանրապետությունում: Դեռևս 90-ականների սկզբից ևս շուրջ 70 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում է այդ կարգավիճակում ու, ինչպես ասել եմ, մեր քաղաքականությունն է հարցի լուծումը դիտարկել դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովի գործունեության համատեքստում», – նշեց ՀՀ վարչապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել