Հակակոռուպցիոն ռազմավարության և ոլորտային ծրագրերի իրականացման արդյունավետությունն ապահովվելու է մոնիթորինգի ու գնահատման արդյունավետ համակարգի ներդրմամբ

Հակակոռուպցիոն ռազմավարության և ոլորտային ծրագրերի իրականացման արդյունավետությունն ապահովվելու է մոնիթորինգի ու գնահատման արդյունավետ համակարգի ներդրմամբ: Այս մասին նշվում է հենց ռազմավարության մեջ։

Պետք է կատարվի Հակակառուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի իրականացման համակարգումը, մշտադիտարկումը, հսկողությունն ու դրա վերաբերյալ հանրային հաղորդակցությունը։

Նշվում է, որ ՀՀ Կառավարությունը կարևորում է հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման հրապարակային, թափանցիկ, նորարար և հասարակության ակտիվ մասնակցության վրա հիմնված մոնիթորինգի ու գնահատման համակարգի ներդրումը:

Ռազմավարության և Միջոցառումների ծրագրի ընթացքի մշտադիտարկման և գնահատման գործառույթներն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:

Առավել համապարփակ ու բազմակողմանի գնահատում ունենալու նպատակով քաղաքացիական հասարակության կազմակերպությունները յուրաքանչյուր կիսամյակ կարող են իրականացնել անկախ մշտադիտարկում ու գնահատում և դրանց արդյունքները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն:

ՀՀ արդարադատության նախարարությունը յուրաքանչյուր տարվա սկզբին, բայց ոչ ուշ, քան տվյալ տարվա փետրվարի առաջին տասնօրյակը, նախորդ տարվա միջոցառումների մշտադիտարկման ու գնահատման արդյունքները ներկայացնում է ՀՀ վարչապետի 2019 թվականի  հունիսի 24-ի 808-Ն որոշմամբ ստեղծված Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) քննարկմանը:

Խորհուրդը յուրաքանչյուր տարվա վերջում՝ տարեկան ամփոփ հաշվետվությունն ստանալուց ու վերլուծելուց հետո, համապատասխան պատասխանատու մարմինների ներգրավմամբ կարող է վերանայել Ռազմավարությունն ու Միջոցառումների ծրագիրը՝ կատարելով մշտադիտարկման արդյունքների և առաջարկությունների վրա հիմնված համապատասխան փոփոխություններ: Փոփոխությունների իրականացման աշխատանքները համակարգվում է արդարադատության նախարարության կողմից:

Ռազմավարության ու միջոցառումների ծրագրի ազդեցության գնահատման նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը միջնաժամկետ ու երկարաժամկետ փուլերում տարբեր թիրախային խմբերում կարող է նախաձեռնել հանրային կարծիքի հարցումներ, որոնց անցկացման հիման վրա չափվում է բարեփոխումների ազդեցությունը և ներազդումը հասարակության վրա: Միջնաժամկետ փուլում իրականացված հարցումների արդյունքների գնահատման ու վերլուծության արդյունքները Խորհրդին ներկայացվելուց հետո, Խորհուրդը կարող է նախաձեռնել Ռազմավարության ու Միջոցառումների ծրագրի, ինչպես նաև իրականացման մեթոդների ու մեխանիզմների վերանայման ու փոփոխությունների նոր շրջափուլ:

Գործընթացի նկատմամբ առավել թափանցիկություն ապահովելու նպատակով Ռազմավարությունը և Միջոցառումների ծրագիրը առանձին բաժինների տեսքով տեղադրվում են ՀՀ Արդարադատության նախարարության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Խորհրդի պաշտոնական կայքէջում: Կայքէջերում տեղադրվում են նաև Խորհրդի կիսամյակային և տարեկան հաշվետվությունները:

Ռազմավարության և Միջոցառումների ծրագրի՝ միջնաժամկետ ու երկարաժամկետ նպատակների մասին հանրությանն ու մասնագիտական շրջանակներին տեղեկատվության փոխանցումն առավել թիրախավորված, արդյունավետ դարձնելու նպատակով մշակվում է Հաղորդակցման ռազմավարություն/գործողությունների ծրագիր, որի իրականացման վերաբերյալ համապատասխան պատասխանատու մարմինները յուրաքանչյուր կիսամյակ հաշվետվություն են ներկայացնում Խորհրդին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել