Տղամարդը կնոջ հետ առևանգել է եղբոր 2-ամյա որդուն. գործը դատարանում է

2021 թվականի հուլիսի 22-ին Ի․Մ.-ն զանգել է ամուսնուն՝ Ռաֆիկ Ղ.-ին, և տեղեկացել, որ ամուսնու եղբոր կինը՝ Մ. Մ.-ն քրոջ հետ եկել և տաքսի ավտոմեքենայով տանում է իր 2 տարեկան մանկահասակ երեխային: Ռոբերտ Ղ.-ն ավտոմեքենայով վերադարձել է տուն և տեսնելով, որ վերջիններս արդեն տարել են երեխային, վերցրել է կնոջը՝ Ի․Մ.-ին և հետապնդել տաքսի ավտոմեքենային, որում գտնվել են եղբոր կինը, քույրը և երեխան։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Արտաշատ քաղաքի սկզբնամասում Ռաֆիկ Ղ.-ն ազդանշաններ տալով կանգնեցրել է եղբոր կնոջը, նրա երեխային և քրոջը տեղափոխող տաքսի ավտոմեքենան և կնոջ հետ իջնելով իր ավտոմեքենայից, վարորդի բաց դռնից մտել է ավտոմեքենայի սրահ, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել հետևի նստատեղին նստած եղբոր կնոջն ու նրա քրոջը՝ փորձելով վերցնել երեխային, սակայն չի կարողացել։

Այնուհետև Ռաֆիկ Ղ.-ն ներսից բացել է ավտոմեքենայի հետևի դուռը, Մ. Մ.-ին և նրա քրոջը քաշքշելով դուրս է բերել ավտոմքենայից և կնոջ հետ ծեծի ենթարկել նրանց: Այդ ընթացքում Ռաֆիկ Ղ.-ն կնոջ՝ Ի․Մ.-ի հետ՝ բռնություն գործադրելով, երեխայի մոր կամքին հակառակ, ավտոմեքենայից առևանգել է նրա անչափահաս երեխային, վերջինիս առողջությանը պատճառելով թեթև մարմանական վնասվածքներ:

Վերցնելով երեխային՝ Ռաֆիկ Ղ.-ն կնոջ հետ իրենց ավտոմեքենայով հեռացել են:

Գործը վարույթ է ընդունվել 2022 թվականի մարտի 23-ին և մակագրվել է Արարատի և Վայոց Ձորի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանին:

Ռաֆիկ Ղ.-ին և Ի․Մ.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1.4 կետով (Մարդուն  առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անչափահասի նկատմամբ):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել