Ուկրաիանյի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան այլ ելք չունի, քան նստել Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ միայն ինքը կարող է դադարեցնել պատերազմը։
Այս մասին ուկրաինական պետության ղեկավարը հայտարարել է գերմանական Bild հրատարակությանը տված հարցազրույցում․ հայտնում է Ukrinform-ը։
«Այսօր Ուկրաինան այլ ելք չունի, քան նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ռուսաստանում ուրիշ ոչ ոք ի վիճակի չէ կանգնեցնել այս պատերազմը։ Միայն նա (ՌԴ նախագահ Պուտինը – խմբ.) է որոշում, թե երբ կավարտվի այս պատերազմը»,- ասել է Զելենսկին։
Միաժամանակ նա նշել է, որ Ուկրաինայի քաղաքներում և գյուղերում ռուս զինվորականների վայրագություններից հետո «ատելություն է զգում Ռուսաստանի, ռուս զինվորների նկատմամբ»։ «Երբ ես իմ աչքի առաջ տեսնում եմ այս նկարները․ սպանված երեխաներ՝ առանց ոտքերի, առանց ձեռքերի. աա սարսափելի է»,- ասել է նա։
Զելենսկին խոստովանել է, որ այլևս չի կարող լաց լինել, թեև անհնար էր ընտելանալ զոհերին։
_________
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։