Շատերը, հավանաբար, չգիտեն, որ քաղաքացիական գործերով դատարանների կայացրած վճիռները դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից կատարելը, այսպես ասած, «վճարովի» է:
Կատարողական գործողությունները կատարվում են պետական բյուջեի և հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
Կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պարտապանից`
ա) գույքային բնույթի կատարողական վարույթներով` 100.000 դրամ և ավելի չափով պահանջի բավարարմանն ուղղված գումարի, իսկ գույք հանձնելու դեպքում` այդ գույքի արժեքի 5 տոկոսի չափով.
բ) մինչև 100.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով` 5.000 դրամի չափով:
Ալիմենտային, աշխատավարձի բռնագանձման և կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթներով կատարման ծախսեր չեն գանձվում:
Կատարողական գործողությունների կատարման ծախսերի բռնագանձումը կատարվում է հարկադիր կատարողի որոշմամբ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: