Երևանի պետական համալսարանից հայտարարություն են տարածել, որում ասվում է․
«Երեկ մի շարք լրատվամիջոցներ, առանց մեզ հետ ճշտելու, տարածել են մի «լուր»-տեսանյութ՝ ինչպես են ԵՊՀ-ի տարածքում 3 հոգի փորձում կողոպտել ուսանողուհու, և այդ փորձը կանխում է ոմն սուպերմեն-մոտոցիկլիստ, իսկ քիչ հեռվում անտարբեր մեկը տեսանկարահանում է այդ ամենը։ Անգամ չիմանալով իսկությունը, մի քանի վայրկյանանոց կադրերը վերլուծելով՝ կարելի է հասկանալ, որ դա բեմադրություն է։
Ձեզ ենք ներկայացնում լուսանկարներ, որոնք քողազերծում են «փրկություն օպերացիան»:
Ինչպես տեսնում եք՝ տեսանյութի հերոսները նախ հավաքվում են ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց (ի դեպ նրանք 10 հոգի են եղել, քանի որ հավելյալ ուժեր էին անհրաժեշտ՝ գուցե մոտոցիկլը շրջելու համար), որտեղից շարժվում են դեպի նկարահանման վայր։ Նրանց մոտենում է ԵՊՀ անվտանգության աշխատակիցը և արգելում մոտոցիկլով մուտք գործել ԵՊՀ տարածք։ Այնուհետև ստեղծագործական թիմը ստանում է թույլտվություն՝ ասելով, որ իրենք «Շարմ հոլդինգի» դերասաններ են և պետք է կարճ հոլովակ նկարահանեն։ «Արդյունքը» արդեն շատերդ տեսել եք։ Թե ի՞նչ միտումով է կատարվել այս ամենը, չենք կարող ասել, սակայն փաստ է, որ լրատվական ռեսուրսներից և ոչ մեկը չի դիմել մեզ` ճշմարտությունն իմանալու համար: Դե իսկ բուն նպատակը կարող են ներկայացնել միայն մտահղացման հեղինակները:
Լրատվականների մեր գործընկերներին հայտնում ենք, որ ԵՊՀ-ն միշտ պատրաստ է օժանդակելու փաստերի ճշտման և ստուգման հարցերում։ Նշված միջադեպի լուրը տարածած ԶԼՄ-ներին առաջարկում ենք տեղադրել նաև սույն պարզաբանումը»։