Ավարտվել է պաշտոնատար անձին կաշառք տալու գործից անջատված մասի նախաքննությունը. ՔԿ

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքի հանգամանքները:

Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 35-ամյա տղամարդը տեղեկացել է, որ իր՝ հաշմանդամ դարձած ազատամարտիկ հայրը միջնորդի միջոցով կաշառք տալու շուրջ համաձայնություն է ձեռք բերել զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ստեղծված հանձնաժողովի քարտուղարի հետ, որպեսզի վերջինս սեղմ ժամկետում ապահովի իրենց ընտանիքին անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին որոշման կայացմանը:

Հոր անունից հանդես գալով որպես լիազորված անձ՝ 35-ամյա տղամարդը հանդիպումներ է ունեցել միջնորդի ու գործընթացին առնչություն ունեցող այլ անձանց հետ, քննարկել գործընթացին վերաբերող հարցեր ու փոխանցել փաստաթղթեր: Այնուհետև բանկից ստացել է բնակարան գնելու համար իրենց ընտանիքին հատկացված 14.694.000 ՀՀ դրամ գումար, որից 4.000.000 ՀՀ դրամ գումարը 2013թ. օգոստոսին տվել է միջնորդին՝ հանձնաժողովի քարտուղարին որպես կաշառք փոխանցելու համար:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է գրավ:

Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին’ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել