Դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինները համալրելու նպատակով որակավորման ստուգում կանցկանցվի. ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինները համալրելու նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին

Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 31․03․2022թ. ԲԴԽ-35-Ո-72 որոշումը՝ առաջին ատյանի դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժինը 19 (տասնինը) թեկնածուով, քաղաքացիական մասնագիտացման բաժինը 10 (տասը), իսկ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինը 1 (մեկ) թեկնածուով համալրելու անհրաժեշտության մասին՝ հայտարարվում է դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինները համալրելու նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով նախատեսված պահանջներին բավարարող անձինք կարող են հայտերը ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցեն՝ ք.Երևան, Կորյունի 17, 3-րդ հարկ, 30 սենյակ, հեռ. 010 511 816, 511 819)՝ մինչև 2022 թվականի մայիսի 2-ը ներառյալ:

Հավակնորդները պարտավոր են ներկայացնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հայտը, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասի 1-14-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: Օրենքով սահմանված դեպքերում անհրաժեշտ է ներկայացնել նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը :

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական դեպարտամենտը որոշմամբ մերժում է հայտի ընդունումը, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի բավարարում սույն օրենսգրքով նախատեսված պահանջները: Ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են հավակնորդին երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե հայտն ընդունելը մերժելու հիմքն իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա Դատական դեպարտամենտը այդ մասին հաղորդում է ներկայացնում իրավասու մարմին: Հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:

Հիշեցում՝

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 38.1-կետով սահմանված պետական տուրքի վճարումը կատարել հետևյալ հաշվեհամարին՝
Հ/Հ՝ 900005163671
Բանկ՝ ՀՀ Ֆինանսների նախարարության գործառնական վարչություն.

Ստացող՝ ՀՀ պետական բյուջե.

Նպատակը՝ «Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման որակավորման քննության համար»»:

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ
https://court.am/…/files/news/pastatxteri%20cank.pdf

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել