Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի սեղմ ժամկետներում․ Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հույս ունի, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ առաջիկա հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, արդյունավետ կլինի։ Այս մասին նա ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք պետք է առաջ շարժվենք դեպի խաղաղություն, որի շուրջ պայմանագիր պետք է կնքվի Ադրբեջանի և Հայաստանի միջև սեղմ ժամկետներում»,- ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտարարում է, որ ընդունում է Բաքվի առաջարկները, և դա լավ նշան է։ «Սա շատ լավ է, և ես հուսով եմ, որ իրավիճակը կպարզվի Բրյուսելում»,- ասել է Ալիևը։

Իր հերթին, Ռաուն հակամարտության շուտափույթ կարգավորման հույս է հայտնել՝ ներկայիս իրավիճակը խոստումնալից անվանելով։

«ԵՄ-ն հայտարարել է, որ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Հայաստանի վարչապետի հետ նոր հանդիպում է կայանալու։ Հույս ունեմ, որ այն արդյունավետ կլինի։ Արդեն մի քանի հանդիպում կայացել է և մենք պետք է շարժվենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ, և կարճ ժամկետներում ստորագրենք այդ փաստաթուղթը։ Ադրբեջանը ներկայացրել է իր սկզբունքներն ու տեսակետը»,-ասել է Ալիևը։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Ակնայի (Աղդամի) շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Բերձորի (Լաչինի) շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել