Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Հայ առաքելական քրիստոնյա հավատքի բնակչություն ունեցող գյուղերի բնակիչների համար նույնիսկ գիշերային ժամերին ադրբեջանցիները բարձրախոսներով մուսուլմանական ազան են միացնում, Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք իհարկե մեծ հարգանք ունենք իսլամական կրոնի եւ քաղաքակրթության նկատմամբ, բայց այն՝ ինչ անում է Ադրբեջանը, մարդկանց խղճի եւ կրոնի ազատության նկատմամբ բռնություն է, կրոնական ատելություն հրահրելու միջոց եւ ի վերջո վիրավորում է մեր հայրենակիցների կրոնական զգացմունքները:

Վերը ես արդեն անդրադարձա Լեռնային Ղարաբաղը հայկական ամեն բանից ազատելու Ադրբեջանի քաղաքականությանը: Այս համատեքստում հիշատակման արժանի է Ադրբեջանի մշակույթի նախարարի փետրվարի 23-ին արած այն հայտարարությունը, թե «Աղվանական հոգևոր տաճարների վրա հայերի գրած կեղծ հետքերի վերացման համար ստեղծվել է աշխատանքային խումբ՝ բաղկացած ալբանական պատմությունը, ճարտարապետությունը իմացող մասնագետներից»: Սա նշանակում է, որ Ադրբեջանը հրապարակայնորեն և պաշտոնապես մեկնարկում է իրեն հասանելի հայկական մշակութային ժառանգության նենգափոխումը, վերացումը: Եւ մշակույթի նախարարի հայտարարությունն ամենեւին էլ պատահականություն չէ: 2021 թվականի մարտի 16-ին Հադրութի շրջան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով Ծակուռիի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու վերաբերյալ, հայտարարել է. «Հայերը ինչպես պղծել են մեր մզկիթները, այնպես էլ հին աղվանական տաճարն էլ են պղծել: Բայց մենք կվերականգնենք։ Այս բոլոր գրությունները կեղծ են, հետո գրված գրություններ են»։ Ադրբեջանի այս քայլերը բացահայտ մարտահրավեր են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը, որը հստակ կերպով պարտավորեցնում է Ադրբեջանին. «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:

Այս բոլոր իրավիճակները մեր կարծիքով և համոզմամբ պետք է պատշաճ միջազգային քննության եւ գնահատականի արժանանան: Միջազգային հանրությունից ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների հասցեական գնահատական, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ամեն օր ահաբեկվում է, բառիս բուն իմաստով ամեն օր (ներառյալ գազային ահաբեկչությունը) եւ դրա նպատակը մարդկանց իրենց տներից ու հայրենիքից տեղահանելն է:

Իսկ ելույթս ուզում եմ ավարտել՝ կրկին անգամ արձանագրելով, որ Հայաստանը կոնկրետ եւ տրամաբանական լուծումներ է առաջարկում սահմանագծման եւ սահմանազատման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիան բացառելու առումով եւ մեզ մերժողականության կամ պայմանավորվածությունները չկատարելու մեջ մեղադրելու որեւէ հիմք կամ հիմնավորում չկա:

Կրկին անգամ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն եմ արտահայտում Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր: Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին: Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի եւ իմ հանդիպումը: Եւ ես հույս ունեմ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել եւ համաձայնեցնել Խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»,-նշել է նա հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել