ՍՈՒ-երը Հայաստան ներկրվելու օրվանից ՀՀ սահմանները ոչ մի անգամ չեն լքել. Նիկոլ Փաշինյան

Տեղեկությունը, թե Հայաստանը չորս ՍՈՒ-30 ՍՄ ինքնաթիռները տրամադրել է Ռուսաստանին Ուկրաինայում օգտագործելու համար, «աղաղակող ապատեղեկատվություն է», կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, թե ՍՈՒ-30 ՍՄ-ները Հայաստան ներկրվելու օրվանից ՀՀ սահմանները ոչ մի անգամ չեն լքել:

«Նույն կերպ իբրև ճշմարտություն է հրամցվում նաև այն կեղծ լուրը, թե Հայաստանի տարածքով վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում Ուկրաինա. ցանկացած քիչ թե շատ տեղյակ մարդ գիտի, որ Հայաստանը, որ երկու տարի առաջ ինքն է տուժել պատերազմում իր դեմ վարձկան ահաբեկիչներրի ներգրավումից, երբեք չի կարող նպաստել այլ վայրերում նրանց ներգրավմանը, սա կատարելապես անհեթեթ տեղեկատվություն է», – ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք՝ Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական «Haber Global» հեռուստաընկերությունը, հղում կատարելով Թուրքիայի հետախուզության անհայտ աղբյուրների, հրապարակել էր մի նյութ, որում պնդում էր, թե իբր Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել չորս ՍՈՒ-30 ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել