Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս օրերին, երբ Ադրբեջանը հերթական անգամ բռնազավթում է Արցախի բնակավայր ու ռազմավարական նշանակության բարձունք, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը այցելում է Բաքու, իսկ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանի հետ քննարկում են ղարաբաղյան հակամարտությունը:
Բրիտանական բացահայտ աջակցությունը Ադրբեջանին տեսել ենք 2020թ. ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ: Հիմա էլ, Փառուխի ու Քարագլխի օկուպացիայի պայմաններում, Մեծ Բրիտանիան չի էլ թաքցնում իր ռազմավարական աջակցությունը, իսկ թե վարագույրներից այն կողմ ինչ ծավալի ու տեսակի իրական աջակցություն է տրվում, կարող ենք միայն գուշակել:
Դա կատարվում է և՛ ադրբեջանա-թուրքական տանդեմի դիրքերը տարածաշրջանում ամրացնելու, և՛ հատկապես հիմա Ռուսաստանի կենսական շահերին հարվածելու նպատակով, ինչի հետևանքով ոտնատակ են տրվում Արցախի բնիկ ժողովրդի կյանքն ու անվտանգությունը:
Իսկ Արևմուտքի կողմից «գովերգվող» մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը ամենևին կարևոր չեն աշխարհաքաղաքական այսպիսի կեղտոտ խաղերում»,- գրել է նա: