ԱԱԾ աշխատակիցները բացահայտե՞լ են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի տնօրենին սպառնալիքներ ուղարկողի ինքնությունը. գործը դատարանում է

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Վարդգես Մուրադյանի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Վարդգես Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շահադիտական դրդումներից ելնելով, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն` Խուան Պաբլո Գեչիջյանից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, 2013թ. հունվարի 20-ին, ինտերնետ ակումբում բացել է «ahmed [email protected]» էլեկտրոնային հասցեն, որից 2013թ. հունվարի 21-ից փետրվարի 14-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գործող ինտերներ ակումբներից` Խուան Պաբլո Գեչիջյանին և նրա ընտանիքի անդամներին սպանելու սպառնալիքներով էլեկտրոնային հաղորդագրություններ է ուղարկել վերջինիս կողմից օգտագործվող էլեկտրոնային հասցեին, որոնցում` իրականության հետ որևէ կապ չունեցող, անիրագործելի և Խուան Պաբլո Գեչիջյանին խաբելու միտումով ուղարկված հանցավոր սպառնալիքներն ի կատար չածելու դիմաց պահանջել է վճարել 80 մլն ՀՀ դրամ գումարը: Սակայն, Խուան Պաբլո Գեչիջյանի հաղորդման հիմնա վրա ՀՀ ԿԱ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հանցագործությունը բացահայտվել է, այսինքն` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով` 80 մլն ՀՀ դրամ գումար հափշտակելու փորձ կատարելու մեջ:

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետի հատկանիշներով, ըստ որի`

Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով (հոդված 34):

Ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ՝ առանձնապես խոշոր չափերով` պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա (181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետ):

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել