Փառուխը, Խրամորթը, Քարագլուխը պարզապես տարածքներ չեն, այսօր ամբողջ Արցախն է խտացել այդ համայնքներում. Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խրամորթը մարտի 24-ի առավոտ լուռ էր, այնքան ուժ ու մարտական ոգի կար մարդկանց մեջ, որ տպավորություն էր, թե իրենք են ուժ տալիս հյուրերին: Բոլորի երազանքը, սակայն, մեկն էր՝ խաղաղություն, հանգիստ բարեկեցիք կյանք իրենց պապենական հողում։

Մինչդեռ թշնամին, շրջանցելով նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունը, խախտելով շփման գիծը, զինված ներխուժեց Փառուխ համայնք և Քարագլխի հարակից դիրքեր ու մինչև այսօր շարունակում է մնալ այդ դիրքերում, ինչը անթուլատրելի է: Ադրբեջանցիները պետք է վերադառնան ելման դիրքեր, որտեղ տեղակայված էին մինչև Արցախում հումանիտար ճգնաժամ սկսելը։

Այլապես ստացվում է՝ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունը խախտվում է ադրբեջանցիների կողմից, և խաղաղության պայմաններում ռուս խաղաղապահների ազդեցության գոտում թշնամին, հարձակումով, զոհեր պատճառելով, նոր տարածք է գրավում և ամրանում նոր օկուպացված տարածքում:

Հատուկ պետք է ընդգծել, որ Փառուխը, Խրամորթը, Քարագլուխը պարզապես տարածքներ չեն, այսօր ամբողջ Արցախն է խտացել այդ համայնքներում, այսօր այնտեղ ամբողջ արցախահայության ճակատագիրն է որոշվում, ու եթե թույլ տանք թշնամու հաստատվելը, նրանց այլևս կանգնեցնել չի հաջողվելու, կհաջորդեն այլ հարձակումներ՝ այլ տեղերում։

Ադրբեջանի զինված ուժերի՝ այս տարածքից հեռացումը Արցախի ապագան է, հայերիս ապագան, և այսօր այդ ապագան է վճռվում»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել