Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը:
Այս մասին հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:
Տնօրինության համար հիմք է ծառայել Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի և Արցախի թեմի թեմակալ առաջնորդների դիմումները, ինչպես նաև Հայր Մխիթարի եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագիրը։
Հիմք ընդունելով Արցախի առաջնորդի դիմումը և Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը` հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել նաև Արցախի թեմի հոգևոր սպասավոր Տ. Ատոմ քահանա Ասատրյանը՝ հոգևոր իր ծառայության վայրն ինքնակամ լքելու պատճառով։
Կարգալույծ եկեղեցականներն այսուհետ կդասվեն աշխարհականների շարքին՝ Արտակ Գրիգորյան և Ռոբերտ Ասատրյան ավազանի անուններով: