ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արմեն Գեւորգյանի նախագահությամբ քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:
Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը ներկայացրել է գերատեսչության ոլորտային ծրագրերը:
Նշվել է, որ 2021 թ. ընթացքում ՀՀ-ի եւ այլ երկրների միջեւ ընդհանուր առեւտրաշրջանառությունը կազմել է 8.4 մլրդ դոլար` աճելով 17.7 տոկոսով: Արտահանումը կազմել է 3 մլրդ ԱՄՆ դոլար` 2020 թ. նկատմամբ աճելով 19.1 տոկոսով, իսկ ՀՀ ներմուծումը` 5.4 մրդ դոլար` աճելով 16.9 տոկոսով:
Պատգամավորները փորձել են պարզել, թե պետությունն ինչ քայլեր է ձեռնարկում տնտեսական այս բարդ իրավիճակում գործարարներին աջակցելու եւ տնտեսական աճը խթանելու համար: Ստեղծված ճգնաժամը հաղթահարելու հարցում կարեւորվել է իրավիճակի ճշգրիտ գնահատումը եւ համապատասխան գործիքակազմի կիրառումը:
«Այսօր մեր երկիրը ոչ միայն պարենային, այլ նաեւ էներգետիկ առումով ավելի լավ վիճակում է, քան եվրոպական ու ամերիկյան մի շարք երկրներ»,- ասել է Արշակ Ասլանյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղեւոնդյանը նշել է, որ 2021թ. ԵԱՏՄ-ում ներքին առեւտուրը կազմել է ավելի քան 72,6 մլրդ դոլար: Ցուցանիշը 31,9 տոկոսով ավելին է 2020թ. համեմատ: