Սոցիալական գովազդը գովազդի ոչ առևտրային տեսակն է, որը նպատակաուղղված է հասարակական վարքագծի փոփոխմանը և հասարակության խնդիրների վրա ուշադրություն գրավելուն:
Գովազդակիրը (անձը, ով համապատասախան միջոցներ տրամադրելով՝ տարածում է գովազդը) պարտավոր է բնակչության առողջության և առողջապահության, բնության պահպանության, սոցիալական պաշտպանության հարցերով ազգային շահեր ներկայացնող և առևտրային բնույթ կրող սոցիալական գովազդների համար առաջնահերթ տրամադրել գովազդին հատկացվող տարեկան եթերային ժամանակի (տպագրական մակերեսի) ոչ պակաս, քան 5 տոկոսը:
Սոցիալական գովազդի տեղաբաշխման պատվերները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ոչ պետական կազմակերպությունների կողմից:
Սոցիալական գովազդի արտադրության և տեղաբաշխման ծախսերը կատարվում են գովազդատուի միջոցների հաշվին: