Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում մեկնարկել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակի համալրման նպատակով նախատեսվող գրավոր քննության կազմակերպման գործընթացի նախապատրաստական աշխատանքների փուլը:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը, օրենքով սահմանված կարգով, համալրում է քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը:
Քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությունից տեղեկացնում են, որ գրավոր քննությանը մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել այն անձինք, ովքեր կներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը և միաժամանակ կբավարարեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված պահանջներին (ով ունի դատախազի, դատավորի, քննիչի, հետաքննության մարմնի պետի կամ աշխատակցի պաշտոնում կամ փաստաբանի 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 5 տարի կամ իրավաբանական գիտությունների դոկտոր է կամ իրավաբանական գիտությունների թեկնածու է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի 5 տարվա ստաժ):
Հիշյալ ստորաբաժանման փոխանցմամբ՝ քննությունը նախատեսված է 2022թ. ապրիլի 27-ին, որին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն ընդունվում են 2022թ. մարտի 28-ից ապրիլի 20-ը ներառյալ՝ բացի շաբաթ և կիրակի օրերից:
Քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովում ներկայումս ընթանում են գրավոր քննության արդյունավետ նախապատրաստմանն ու իրականացմանն ուղղված միջոցառումներ՝ կարևորելով գործընթացի վերաբերյալ հանրային իրազեկման ուղղությամբ պահանջվող աշխատանքների պատշաճ ապահովումը:
Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող գրավոր քննության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ www.investigative.am կայքի «Հայտարարություններ» բաժնից: