ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է նախօրեին իր հասցեին հնչած քննադատություններին։
««Գետաշեն» և «Պատերազմ եք գնում, բարով գնացեք» երգերը մեր ծառայության ժամանակների քայլերգերն են, որոնք միշտ ոգեշնչել են մեզ։ Դեռևս 1995 թվականից հինգ տարի գրեթե ամեն օր այդ երգերն ենք երգել, դրանց ներքո ծառայել և սովորել։ Այսօր էլ , որտեղ էլ որ լինենք, եթե հնչում են այդ երգերը, իմ ծառայակից ընկերների հետ ոտքի ենք կանգնում և հաճախ շուրջպար բռնում, որովհետև մեզ համար առանձնահատուկ արժեք են ներկայացնում։
Դա ստեղծված դժվարին իրավիճակների նկատմամբ արհամարհանք չէ, այլ՝ դիմագրավում, հաղթահարում, ոգեկոչում։ Տեսանյութով ցուցադրված միջոցառման տեղում հիմնականում իմ ծառայակից ընկերներն են՝ սպաներ, ովքեր իրենց ներդրումն ունեն երկրի կայացման գործում, ովքեր լուռ ծառայել են երկրին, պաշտպանել հայրենիքը, ունեցել կորուստներ։
Քանի դեռ կան պատերազմներ, հնչելու են ռազմահայրենասիրական երգեր, սերունդներ են դաստիարակվելու դրանցով , իսկ ես և իմ ընկերներն ամեն անգամ «Գետաշեն» և «Պատերազմ եք գնում, բարով գնացեք» երգերի հնչյուններից ոտքի ենք կանգնելու։ Դա մեր պատմությունն է, անցած ուղին և ապագան։
Որոշ իրենց լրատվամիջոց համարողներին և նրանց տերերին չեմ անդրադառնում, բայց մի հարց՝ դուք ինչո՞վ եք զբաղված այս օրերին, ինչպես միշտ՝ դարձյալ ամբողջ ուժով «ջուր պղտորելով»»։
Հիշեցնենք՝ համացանցում պատգամավորի մասնակցությամբ տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե Խաչատրյանն ինչպես է խնջույքի ժամանակ պարում։ Տեսանյութը մեծ քննադատությունների արժանացավ՝ քանի որ խնջույքը տեղի էր ունեցել Արցախում թշնամու առաջխաղացման, հումանիտար ծանր պայմանների և հայկական կողմի ունեցած զոհերի ֆոնին։
Ըստ որոշ օգտատերերի՝ Խաչատրյանը հանրային դեմք է, պետական պաշտոնյա, որն իր գործընկերների հետ միասին պետք է մտածի երկրում ստեղծված իրավիճակի կարգավորման մասին։