Վերոնշյալ հայտարարությունը կեղծ ու սադրիչ բնույթի ապատեղեկատվություն է. «Արցախգազ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել

«Արցախգազ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-ը վերացրել է Արցախի գազաբաշխիչ գծի վրա տեղի ունեցած վթարի հետևանքները, և մարտի 29-ից Արցախում գազամատակարարումը կվերականգնվի։

Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ հայտարարությունը կեղծ ու սադրիչ բնույթի ապատեղեկատվություն է, որը հետապնդում է ստեղծված բարդ իրավիճակից օգտվելու և արցախահայությանն ու միջազգային հանրությանը տեղեկատվական դաշտում ապակողմնորոշելու նենգ նպատակ։

Հայտնում ենք, որ բնական գազը մուտք է գործում Արցախի Հանրապետության տարածք միայն մեկ գազատարի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության տարածքից, իսկ գազամատակարարող ընկերությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է (հանդիսանում է «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն): Նշված գազատարից բնական գազի ընդունումն ու բաշխումն իր բաժանորդներին իրականացնում է «Արցախգազ» ՓԲ ընկերությունը։ Ուստի, հաղորդագրության մեջ նշված ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունը կամ դրա դուստր ընկերություն «Ազերիգազ»-ը որևէ առնչություն չեն կարող ունենալ Արցախի Հանրապետության գազամատակարարման գործընթացի հետ։ Դա պարզապես տեխնիկական ու աշխարհագրական առումով էլ բացառվում է:

Նշված հաղորդագրությունը ևս մեկ անգամ փաստում է, որ մարտի 8-ին գազատարը Շուշիի հատվածում պայթեցնելուց և օրեր շարունակ դրա վերանորոգմանը խոչընդոտելուց հետո ադրբեջանական կողմը դիտավորյալ փական է տեղադրել գազատարի վրա՝ եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնելով Արցախի բնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու հանցավոր գործին»,- նշված է հայտարարության մեջ։

_____

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:

Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:

Մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա 5 վիրավոր։

Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: ԱԹՍ-ների հարվածների հետևանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ և 2 զոհ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել