Մենք մեր ծայրահեղ մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում աճող լարվածության կապակցությամբ, որն արձանագրվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության 2022 թվականի մարտի 26-ի հայտարարությամբ։ Ռուս խաղապահների պատասխանատվության գոտի զինված ներթափանցման և հրադադարի ռեժիմի խախտումների փաստերը հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունը։
Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը։
Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն և ամենաբարձր մակարդակով ապահովել առկա եռակողմ պայմանավորվածությունների խստ պահպանումը։
ԼՂՀ-ի շուրջ, երկու կողմերի հետ համագործակցելով, անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում տարածաշրջանում իրավիճակի լարվածության թուլացման համար։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:
Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:
Մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա 14 վիրավոր։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: ԱԹՍ-ների հարվածների հետևանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ և 3 զոհ` ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.):