Հակամարտող կողմերից որևէ մեկի ռազմական հարձակման դեպքում ի՞նչ պարտականություններ ունի ռուսական խաղաղապահ զորախումբը. Նորայր Նորիկյան

Փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները գրավել են Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, իսկ այսօր կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ունենք 2 զոհ և 10-ից ավելի վիրավորներ:

Ներխուժված տարածքները հանդիսանում են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի:

Արցախի իրավասու մարմիններն արձանագրում են, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ և՛ ներխուժման, և՛ հրադադարի ռեժիմի խախտումների տեսքով:

Իմ խորին համոզմամբ, Ադրբեջանը չի ցանկանում հասնել լիակատար ու իրական խաղաղության, նրա լկտիությունը չի ավարտվելու, և նա փորձելու է հնարավոր բոլոր միջոցներով հասնել իր նպատակին:

Այդ պետությանը սանձելու մեկ ձև կա՝ հնարավորինս սեղմ ժամկետում ձևավորել նրա բանակին հաղթելուն ունակ, կա՛մ առնվազն այդ բանակին համարժեք դիմադրություն ցույց տվող բանակ:

Միայն այդ դեպքում այդ պետությունը կվերանայի իր ռազմատենչ քաղաքականությունը:

Բայց սա չի նշանակում, որ մենք պետք է դեմ լինենք հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Ճիշտ հակառակը՝ Հայաստանը պետք է ամեն ինչ անի հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Իմ տպավորությամբ, Ադրբեջանի վերջին երկու օրերի սանձարձակ պահվածքը Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթի, ինչպես նաև Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն ուղղված բանակցություններ վարելու նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբին դիմելու պատասխանն էր:

Ադրբեջանը պատերազմից հետո հայտարարում է, որ Արցախի խնդիրը կարգավորվել է, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս անելիք չունի, հետևաբար՝ Հայաստանի փորձերը՝ Արցախի հակամարտության կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խումբ վերադարձնելու ուղղությամբ, ընդունվում են փշերով ու ԱԹՍ-ներով:

Այստեղ տարօրինակ է ռուսական խաղաղապահ առաքելության վարքագիծը:

Ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին դիմելը, մեղմ ասած, Ռուսաստանի սրտով չէ, բայց դա չի նշանակում, որ պետք է խաղաղարար առաքելությունը չիրագործվի անվերապահորեն:

Այս համատեքստում ինձ հետքրքրում է հետևյալ հարցերի պատասխանները.

Ն. Փաշինյանի, Ի. Ալիևի և Վ. Պուտինի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ որևէ կերպ սահամանված չէ ռուսական խաղաղապահ զորախմբի լիազորություններն ու իրավասությունների շրջանակը:

Հետևաբար՝ հարց է ծագում, թե.

1. Ո՞ր իրավական ակտով է ամրագրված ռուսական խաղաղապահ առաքելություն իրավասությունները,

2. Ու՞մ կողմից են դրանք հաստատված կամ վավերացված,

3. Հակամարտող կողմերից որևէ մեկի ռազմական հարձակման դեպքում ի՞նչ պարտականություններ ունի ռուսական խաղաղապահ զորախումբը,

4. Որևէ հարձակում կանխելուն, կամ հարձակման հետևանքները վերացնելուն և նախկին իրավիճակին վերադառնալուն ուղղված կոնկրետ ի՞նչ լիազորություններ ունի այդ առաքելությունը:

Կարծում եմ, որ Հայաստանի իրավասու մարմինները պետք է հանրությանը ներկայացնեն պարզաբանումներ վերը նշված հարցերի վերաբերյալ»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել