«5165 շարժումը» հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«Վերջին օրերին նոր թափ է ստացել Ադրբեջանի կողմից առաջխաղացումը Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության բնակավայրերի ուղղությամբ։ Շաբաթներ տեւող հումանիտար ճգնաժամին, երբ Արցախի բնակչությանը զրկել են գազից եւ ջերմությունից, համարժեք պատասխանի բացակայությունը եւ միջազգային հանրության լռությունն ավելի է գրգռել Ադրբեջանի իշխանությունների ախորժակը, եւ մարտի 24-ին թշնամին ներխուժել է Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ու զբաղեցրել Քարագլուխ ռազմավարական բարձունքը։ Այսօր ունենք զոհեր եւ տասնյակ վիրավորներ։
Անկախ նրանից, թե Փառուխի անվտանգության ապահովման հարցում ռուս խաղաղապահներն ինչ են արել կամ ինչ չեն արել, անկախ նրանից միջազգային հանրությունն ինչպես է արձագանքել կամ չի արձագանքել, կարեւոր է հասկանալ, թե ինչ ենք անում մենք, ինչ են անում Հայաստանի և Արցախի իշխանությունները, ադրբեջանական ագրեսիան կասեցնելու եւ մեր սեփական անվտանգությունն ապահովելու համար։
Ինչպե՞ս կարող է կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկրի պաշտպանության նախարարը զբաղվել ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավով։
Ի՞նչ բացատրություն ունի այն փաստը, որ ՀՀ զինված ուժերը մինչ այժմ Գլխավոր Շտաբի պետ չունեն։
Ինչու՞ ՀՀ-ից Արցախ զորակոչ այլևս տեղի չի ունենում։
Ինչու՞ պետության սուղ միջոցները մսխվում են չհիմնավորված անհրաժեշտության թանկարժեք գործուղումներում։
Ելնելով վերը նշվածից եւ բազմաթիվ այլ ակնհայտ իրողություններից, մեզ համար միանշանակ է, որ գործող իշխանությունները ցուցաբերում են կործանարար եւ անպատասխանատու քաղաքականություն, կանգնեցնելով Հայաստանն ու Արցախը աղետի առաջ։
Ստեղծված իրավիճակում մենք օրհասական անհրաժեշտություն ենք համարում երկրի իրավիճակով իրապես մտահոգ, հայոց անկախ պետականությանն ու ազգային արժեքներին հավատարիմ ուժերի համախմբում եւ պատասխանատվության ստանձնում։
Հ.Գ. Այս պահին 5165 շարժման ներկայացուցիչները գտնվում են Արցախում` տեղում ծանոթանալու իրավիճակին»,- նշված է հայտարարության մեջ։
_____
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:
Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:
Մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա 5 վիրավոր։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: ԱԹՍ-ների հարվածների հետևանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ և 2 զոհ։