Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են նոր օրակարգ ձևավորել. Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակզմից:

Երկրի ղեկավարը նշել է, որ վերջին օրերին Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են նոր օրակարգ ձևավորել, քանի որ ադրբեջանական կողմն ակնհայտ սադրանքի միջոցով ապակայունացնում է իրավիճակը:

«Ռուս-ուկրաինական հակամարտությունը ենթադրում էր, որ ադրբեջանական կողմն օգտվելու է առիթից և Արցախում դիմելու է տարբեր սադրանքների: Ինչպես գազամատակարարման խափանմամբ, այնպես էլ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ և հարակից տարածքներ ներխուժմամբ ու մարտական որոշակի գործողությունների հրահրմամբ Ադրբեջանի իշխանությունները ցույց տվեցին, որ չեն հարգում թե՛ 2020թ.-ի նոյեմբերին ընդունած եռակողմ հայտարարությունը, թե՛ դրանից հետո տարբեր մակարդակներով ստանձնած քաղաքական պարտավորությունները:

Այնուամենայնիվ, ցանկանում եմ հորդորել մեր ազգաբնակչությանը պահպանել հանգստություն, քանի որ, չնայած ծագած դժվարություններին ու հարուցված խոչընդոտներին, մենք Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ շարունակում ենք սերտ աշխատանքը իրավիճակը կայունացնելու ուղղությամբ»,- ասել է նախագահը։

Նախագահ Հարությունյանն Անվտանգության խորհրդի անդամների և իշխանությունների անունից խորին վշտակցություն և զորակցություն հայտնեց մարտի 25-ին հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթեց:

Նիստին շփման գծում իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ Պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը:

Քննարկվել են առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված մի շարք հարցեր:

_____

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:

Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:

Մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա 5 վիրավոր։

Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: ԱԹՍ-ների հարվածների հետևանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ և 2 զոհ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել