Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին ու քննարկել Եվրոպայի ծանրամարտի 2023 թվականի առաջնությունը Երևանում անցկացնելու հնարավորությունը:
Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Վահրամ Դումանյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է՝ մեր երկրի համար մեծ պատիվ կլինի Եվրոպայի առաջնության անցկացումը. «Ծանրամարտը Հայաստանում շատ սիրված և բավականին մեծ մասսայականություն վայելող մարզաձև է, ու մենք կարող ենք հպարտանալ այս մարզաձևում ունեցած հաջողություններով: Ուրախ կլինենք, եթե միջազգային ֆեդերացիան այդ մրցաշարի անցկացումը մեզ վստահի: Կարող եք հավատացած լինել՝ մենք պատրաստ ենք առաջնությունն ամենաբարձր մակարդակով անցկացնելուն»:
Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին կարևորել է պետական աջակցությունն այդ գործընթացում և շեշտել՝ առանց այդ աջակցության, թերևս, հնարավոր չէ առաջադրված նպատակն իրագործել. «Տեսնում ենք՝ Հայաստանի կառավարությունն աջակցում է այս գաղափարի իրագործմանը, իսկ դա արդեն գործի կեսն է: Առաջին անգամ էինք Հայաստանում, ծանոթացանք ենթակառուցվածքներին, ու կարող եմ ասել՝ դրանք գոհացուցիչ են: Մայիսին համաժողով կունենանք ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հետ ու այդ ժամանակ էլ վերջնական որոշում կկայացնենք»:
Անտոնիո Կոնֆլիտին նաև նշել է, որ իրենք մշտապես պատրաստ են աջակցելու Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային և հայկական սպորտին առհասարակ. «Տեսնում եմ՝ որքան եք կարևորում սպորտը ձեր երկրում, ու իսկապես ուրախ եմ դրա համար: Սպորտն առաջին հերթին առողջություն է և կարգապահություն ու մշտապես պետք է լինի ուշադրության կենտրոնում»:
Հիշեցնենք՝ Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները երեկ այցելել են Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ էլ հաջորդ տարվա գարնանը նախատեսվում է անցկացնել մրցաշարը:
Անտոնիո Կոնֆլիտին և Միլան Միխայլովիչը նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և hամալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի ուղեկցությամբ ծանոթացել են մարզահամերգային համալիրի ենթակառուցվածքներին ու պայմաններին, քննարկել առաջնության կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր:
EWF-ի ներկայացուցիչներին երեկ ընդունել է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանի հայտը բավարարվելու դեպքում մեր երկրի կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: