Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը, վարչության նախագահի տեղակալ Անահիտ Ղազարյանը և վարչության անդամներ Գոռ Դիլոյանը, Վահե Հովհաննիսյանը, Մարինե Գալստյանը մասնակցել են «Նոտարիատը սոցիալ-տնտեսական պաշտպանության համակարգում» միջազգային գիտապրակտիկ առցանց գիտաժողովին: Այն կազմակերպվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պետության և իրավունքի ինստիտուտի Դաշնային պետական բյուջետային գիտական հիմնարկի կողմից:
Այս մասին հայտնում են Նոտարական պալատից:
Միջազգային գիտաժողովին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախսատանի, Հայաստանի նոտարական պալատների ներկայացուցիչներ և Ռուսաստանի գիտական տարբեր հիմնարկների թվով 75 մասնակիցներ:
ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը հանդես է եկել «Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի վավերացումը և էլեկտրոնային պայմանագրերը» թեմայով:
Զեկույցում Պալատի նախագահը, մասնավորապես, նշել է. «Հայաստանում մինչև «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ կատարելը իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի վավերացումը կատարվում էր միայն դատական կարգով, որը քաղաքացիների շրջանում օբյեկտիվ դժգոհություն էր առաջացնում, քանի որ նրանք կորցնում էին ժամանակ ու ֆինանսական ռեսուրսներ և ավելացնում էին դատարաննների ծանրաբեռնվածությունը: Իսկ նոտարներին տրամադրելով առանձին տեսակների իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի վավերացման լիազորություն՝ հնարավորություն էր տրվում ավելի արագ և հասանելի ծառայություն ապահովել»:
Լիլիթ Մուրադյանն անդրադարձել է այն դժվարություններին, որոնք հանդիպում են այս գործընթացում: Նա, մասնավորապես, նշել է.
«Երբ օրենքն ընդունվել էր և նոտարներին տրվել էր հնարավորություն հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր, անձը ցանկացած պարագայում ունենում էր հնարավորություն՝ դիմելու դատարան նույն փաստի հաստատման խնդրանքով: 2020 թվականին օրենսդրական մի շարք փոփոխությունների արդյունքում, հայցվորը այժմ ազատորեն կարող է իրավաբանական նշանակության փաստերի հաստատման համար դիմել թե՛ դատարան, և թե՛ նոտարին»,-նշել է Պալատի նախագահը:
Միջազգային գիտաժողովի ժամանակ ունեցած ելույթում Լիլիթ Մուրադյանը մեծ կարևորություն է տվել էլեկտրոնային նոտարիատի զարգացման ուղղությամբ Հայաստանում իրականացվող օրենսդրական փոփոխոթյուններին, մասնավորապես՝ էլկետրոնային պայմանագրերին:
Եզրափակելով ելույթը՝ ՀՀ նոտարական պալատի նախագահը հայտնել է, որ այժմ շրջանառվում է օրենսդրական նախագիծ, որի արդյունքում նոտարներին հնարավորություն կտրվի արձակել վճարման կարգադրություններ և իրականացնել պարզեցված վարույթներ, որը իր հերթին կբեռնաթափի դատական համակարգը: