Անահիտ Ավանեսյանը վարկային ծրագրերի կառավարման խորհուրդ ստեղծելու մասին հրաման է ստորագրել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 16-ին վարկային ծրագրերի կառավարման խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգն ու անհատական կազմը հաստատելու մասին հրաման է ստորագրել, որում ասվում է.

«Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ և Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային թիվ 9202-AM համաձայնագրի շրջանակներում իրականացվող վարկային ծրագրերի իրագործման կառավարման խորհուրդ»:

Հրամանում նշվում է, որ կառավարման խորհրդի գործունեության հիմնական նպատակը Վարկային ծրագրերի իրականացման կառավարումն է:

Կառավարման խորհրդի խնդիրներն են`

1) Վարկային Համաձայնագրերի իրականացման ընթացքում փոփոխությունների կատարման անհրաժեշտության դեպքում, նախապես համաձայնեցվելով վարկատուի հետ, առաջարկվող փոփոխությունները համապատասխան հիմնավորումներով հաստատելը՝ հետագա ընթացք տալու նպատակով:

2) Վարկային ծրագրերի նախապատրաստման փուլում կանխավճարի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.

3) Վարկային ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի, բյուջեների, դրանց ֆինանսական բացվածքների, մասնավորապես, վարկային միջոցների ծախսման ուղղությունների քննարկումը:

4) Վարկային ծրագրերի հաստատված աշխատանքների տարեկան ժամանակացույցի և բյուջեի հիման վրա ապրանքների, սարքավորումների, խորհրդատվական ծառայությունների, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների ձեռքբերման նպատակով անցկացվող մրցույթների վերջնական արդյունքների հաստատումը` 50,0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարը գերազանցող պայմանագրերի դեպքում:

5) նախապես համաձայնեցնելով վարկ տրամադրած կազմակերպության հետ`Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու նպատակով ծրագրի շրջանակներում տնտեսված այն միջոցների օգտագործման և (կամ) վերաբաշխման վերաբերյալ առաջարկությունները հաստատելը, որոնք ուղղվելու են ծրագրով նախապես չպլանավորված մրցույթների միջոցով նոր ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերմանը:

6) ծրագրով նախատեսված աշխատանքների հաստատված ժամանակացույցին ու բյուջեներին համապատասխան իրականացնելու վերաբերյալ հաշվետվությունների քննարկումը, հայտնաբերված շեղումների և թերացումների վերացման ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկման մասին որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ հսկողությունը:

Նշվում է, որ խորհրդի գործունեությունը դադարում է Առողջապահության նախարարի համապատասխան հրամանով:

Կառավարման խորհրդի նախագահն է Անահիտ Ավանեսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել